Հայաստանում կբացվի Արգենտինայի դեսպանատունը

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարսելո Սեբաստեին, որը Երեւան է ժամանել Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացման առնչությամբ` հույս հայտնելով, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ զարգացած իրավա-պայմանագրային դաշտն ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում առավել ակտիվ համագործակցության հաստատման համար: Էդվարդ Նալբանդյանը հայտնեց Արգենտինայի գործերի հավատարմատարին, որ արգործնախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի իր առաքելության իրականացման ընթացքում եւ դեսպանության հիմնադրման եւ բացման գործում:



Մարսելո Սեբաստեն Հայաստանի արտգործնախարարին փոխանցեց Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանայի ուղերձը եւ նշեց, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա ընդայնմանը, եւ դրանով է պայմանավորված Հարավային Կովկասում Արգենտինայի առաջին դեսպանության բացումը Երեւանում: Նա կարեւորեց Արգենտինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:



Զրուցակիցները նաեւ մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:



Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Հայաստանի արտգործնախարարին վերահաստատեց իր արգենտիացի գործընկերոջ Բուենոս-Այրես այցելելու հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---