Արաղչի․ Իրանն ու ԱՄՆ-ն կաշխատեն ատոմի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների տեքստի վրա

Արաղչի․ Իրանն ու ԱՄՆ-ն կաշխատեն ատոմի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների տեքստի վրա

PanARMENIAN.Net - Իրանն ու ԱՄՆ-ն կաշխատեն ատոմի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների տեքստի վրա, հետո կորոշեն բանակցությունների հաջորդ փուլի օրը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ժնևում ԱՄՆ հետ բանակցություններից հետո:

«Ժամկետները դեռ որոշված չեն: Պայմանավորվել ենք, որ կողմերը կաշխատեն տեքստի վրա, հետո կփոխանակենք այդ տեքստերը, այն ժամանակ էլ կորոշենք բանակցությունների 3-րդ փուլի օրը»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ավելի վաղ կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային թեմայով բանակցությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման մոտեցումը սխալ է։

«Ասում են՝ եկեք բանակցություններ վարենք ձեր միջուկային էներգիայի շուրջ, իսկ բանակցությունների արդյունքը կլինի այն, որ դուք այդ էներգիան... Բանակցությունների արդյունքների մասին նախապես խոսելը անիմաստ բան է։ Ենթադրենք՝ ասում ես՝ եկեք խոսենք այս կամ այն հարցի շուրջ, հասնենք համաձայնության, (բայց - խմբ.) ինչու՞ ես դու նախապես որոշում արդյունքները, որ մենք պարտադիր պետք է գործարքի հասնենք, դա հիմարություն է», - ասել է Խամենեին, որի խոսքերը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հայտարարել էր, որ ակնկալում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում համաձայնության հասնել Իրանի հետ՝ շեշտելով արագ կարգավորման անհրաժեշտությունը։

Ժնևում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններն անցել են Օմանի միջնորդությամբ։ Կողմերը փորձում են փոխզիջում գտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ. Թեհրանը պահանջում է պատժամիջոցների վերացում՝ իր ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորելու պատրաստակամության դիմաց, մինչդեռ Վաշինգտոնը ձգտում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ստեղծումը։ Թեհրանը բազմիցս հերքել է նման մտադրությունները։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Մերձավոր Արևելք է ուղարկելու ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիր հարվածային խումբը՝ այն դեպքում, եթե Թեհրանի հետ համաձայնություն չկնքվի։

Բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում՝ այդ երկրի միջնորդությամբ։ Այն դարձել է առաջին հանդիպումը կողմերի միջև բազմամսյա դադարից հետո, որը առաջացել է 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության բաց փուլից հետո։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---