Մարտի 1-ի գործով նախկին պաշտոնյա է ձերբակալվել![]() 25 փետրվարի 2026 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի իրադարձությունների շրջանակում քննվող գործով նախկին պաշտոնյա է ձերբակալվել: Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն (Հովհաննես Թամամյան` խմբ.) առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հայտնում է Քննչական կոմիտեն: «Դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները կատարել են ակնհայտորեն իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք: Մասնավորապես՝ բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18․04․2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին Հ․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Մելքոնյանն այն ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը): 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1-ի» գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |