Խուդաթյան․ Ջրամատակարարման գրաֆիկը չի փոխվի![]() 26 փետրվարի 2026 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն տեղի չի ունենա, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նա նշել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության որոշումը կասեցվել է և առաջիկայում կկատարվեն լրացուցիչ ուսումնասիրություններ: «Սիրելի՛ քաղաքացիներ, ցանկանում եմ անդրադառնալ մի քանի օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցին և դրա բովանդակությանը։ Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։ Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ», - գրել է նա։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությանը և հայտնել է, որ պատրաստվում է դիմել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։ «1. «Վեոլիա ջրի» որոշման մասով դիմում եմ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով ( դիմումը ավելի ուշ կտեղադրեմ): Ով միանում է` գրեք մեկնաբանություններում 2.«Վեոլիա ջուրը» ինձ ուղղված պատասխանում ասել է, որ իրենց «ֆանտաստիկ» ջանքերի շնորհիվ կրճատվել է չհաշվառված ջրի քանակը: Ո՞ւր է այդ ջուրը: Իրականում դա միֆ է: Զուտ բանաձևն են փոխել 3. 5 տարի տեխնիկական աուդիտ չեն անում: Ինչո՞ւ: Քանզի նրանք միակն են, որ կարող են ասել «Վեոլիա ջրի» փաստարկների մասին իրականությունը: 4. Մարզերում վիճակն ավելի ողբերգական է` 6 կամ 8 ժամ ջրամատակարարում»,-գրել է նա: «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանել է իր կայքում հրապարակված ջրամատակարարման ժամանակցույցը, որի համաձայն մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումն իրականացվելու է 17-ժամյա գրաֆիկով՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև գիշերը 24:00-ը։ Ընկերությունն անդրադարձել է նոր ջրասպառողների թվի կտրուկ աճին և գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |