ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին․ Գործակցում ենք ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ

ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին․ Գործակցում ենք ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը շարունակել է համագործակցությունը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ, ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, հայտնում է Factor.am-ը:

Նա այդպես է արձագանքել ընտրությունների ընթացքում ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով ԵՄ-ի կողմից Հայաստանում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը։

Դեռ 2025-ի դեկտեմբերին Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված նամակի համաձայն՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին Բրյուսելից խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

ԵՄ-ն նմանատիպ խումբ էր ուղարկել Մոլդովա 2025-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը բաղկացած էր մոտ 20 մարդուց։ Նրանք Մոլդովայի իշխանությունների հետ համատեղ աշխատել էին ժամանակին հայտնաբերելու և հակազդելու Ռուսաստանից սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությանը։

Նշվում էր, որ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակ ուղղված լինի Ռուսաստանի ապակայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմմանը»:

 Ուշագրավ
---