Սարգսյան․ Երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի՞ համար, թե նվազեցնել ներընդդիմադիր պայքարը և հաջողել

Սարգսյան․ Երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի՞ համար, թե նվազեցնել ներընդդիմադիր պայքարը և հաջողել

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չունի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Այդ մասին ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է «Ազատությունը»:

«Առաջին հայացքից հեշտ բան է՝ մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի՞ համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը՝ դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել», - նշել է երրորդ նախագահը։

Սարգսյանը նաև ասել է, որ իրեն այցելած անձինք եղել են խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով, սակայն չի բացահայտել, թե ովքեր են նրանք։

Հարցին, թե ինչով է պայմանավորված ներընդդիմադիր պայքարի լարումը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ տարակարծությունները, ՀՀԿ ղեկավարը պատասխանել է, որ նման գնահատականի հետ համաձայն չէ՝ ընդգծելով, որ, իր բնորոշմամբ, «ջրերը զուլալվում են»։

«Բոլոր նրանք, ովքեր պիտի փորձեն՝ քաղաքական ուժերը, մեր հաշվին աչոկ հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը: Եվ եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն: Մենք որևէ կոմպլեքս չունենք։ Ինչ զրպարտություն լինի, պատասխանը ստանալու են ճշմարտության տեսքով», - ընդգծել է նա։

Թե ինչ հանգամանքներ են ազդելու Հանրապետականի վերջնական որոշման վրա, Սարգսյանի խոսքով՝ իրենց անցկացրած բոլոր ուսումնասիրություններով կուսակցությունն անցողիկ դիրքերում է եղել, սակայն առկա են նաև այլ գործոններ, որոնց հստակեցումից հետո միայն որոշում կկայացվի։ Նրա գնահատմամբ՝ հավանաբար մինչև ապրիլի վերջ ՀՀԿ-ն կունենա հստակ դիրքորոշում։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե քաղաքական ուժի կանխատեսումներով, Գյումրիի օրինակով հնարավո՞ր է խորհրդարանում ընդդիմադիր ուժերը միավորվեն:

«Այսօր չեմ կարող դա ասել: Երբ կգա ժամանակը, երբ ես համոզված կլինեմ, անպայման կհայտարարեմ մինչև ընտրությունները: Միավորվելու մասին չի խոսքը, խոսքը ներընդդիմադիր պայքարը մեղմելու մասին է»,-ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները «վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից»։

Միաժամանակ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը համոզմունք են հայտնել, որ Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել, և հունիսի 7-ից հետո այն հեռանալու է։

 Ուշագրավ
---