ՀԾԿՀ նախագահ․ «Վեոլիա Ջրի» գրաֆիկում ոչ մի տարօրինակ բան չկար, այն օբյեկտիվ պատճառներ ուներ![]() 27 փետրվարի 2026 - 12:28 AMT PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերության տարեկան ջրամատակարարման գրաֆիկների հաստատման գործընթացը չի գտնվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունների շրջանակում։ Այս մասին ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա նաև նշել է, որ «Վեոլիա Ջրի» գրաֆիկում ոչ մի տարօրինակ բան չկար, այն օբյեկտիվ պատճառներ ուներ: «Վերջին տարիներին մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի շինարարությունը աննախադեպ ծավալի է հասել։ Ճիշտ է` քաղաքում և հանրապետությունում բնակչությունը էականորեն չի ավելացել, բայց ջրի սպառման կետերն են ավելացել, ուստի պետք է կարողանալ ջրաքանակները ավելացած այդ բնակարանների համար ապահովել։ Օբյեկտիվությունը դրա մեջ է, որ ջուրը շատ դեպքերում կարող է չհերիքել և բերել գրաֆիկների ժամերի կրճատման»,–ասել է Մեսրոպյանը։ Նրա խոսքով՝ հատկապես շոգ ամիսներին ջրի սպառումն աճում է․ քաղաքամերձ բնակավայրերում շատ քաղաքացիներ հողամասերը ոռոգում են խմելու ջրով, արձանագրվել են նաև ջրագողության դեպքեր, ինչի հետևանքով այդ ամիսներին ջրի պակաս է զգացվում։ Մեսրոպյանի խոսքով՝ 2024 թվականի հոկտեմբերից Ջրամատակարարման և օգտագործման կանոններում փոփոխություն է տեղի ունեցել, և 135-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել։ «Հետևաբար, «Վեոլիա Ջուր» ընկերության տարեկան ջրամատակարարման գրաֆիկը ենթակա չէր հանձնաժողովի հետ համաձայնեցման։ Ըստ գործող կարգի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը այդ գրաֆիկը հրապարակելուց 3 օր հետո անպայման պետք է հանձնաժողովին ծանուցեր այդ մասին, ինչը որ արել է»,–ասել է Մեսրոպյանը։ Նա ընդգծել է, որ հանրության շրջանում բարձրացած դժգոհություններից հետո պետական բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարը։ Լրացուցիչ ուսումնասիրությունից հետո հանգել են եզրակացության, որ անհրաժեշտ է չեղարկել գրաֆիկը և այն ուղարկել լրամշակման, որպեսզի նոր տարբերակը քաղաքացիների համար լինի առավել բարենպաստ և իրատեսական։ Հարցին, թե ընկերության կողմից նման գրաֆիկի հրապարակումն ինչ իրավական հետևանքներ կարող է ունենալ, Մեսրոպյանը նշել է, որ հանձնաժողովը պետք է իրականացնի լրացուցիչ ուսումնասիրություն, և խախտում հայտնաբերվելու դեպքում կհարուցվի վարույթ ու կկիրառվեն համապատասխան տույժեր։ Մեսրոպյանը նաև մատնանշել է, որ քաղաքացիները «Վեոլիա Ջրի» հետ խնդիրների են բախվել հիմնականում երկու պատճառներով՝ կամ ընկերության ոչ արդյունավետ կառավարման, կամ ջրամատակարարման ֆիզիկապես մաշված համակարգի պատճառով։ «Իմ խոր համոզմամբ, այս պահին ավելի շատ ֆիզիկապես մաշված ջրամատակարարման համակարգի հետ են կապված խնդիրները, և վաղուց արդեն օբյեկտիվորեն անհրաժեշտություն կա, որ Երևանին հարակից տարածքներից մայրաքաղաք նոր ջրաղբյուրներից նոր ջրածավալ մոտեցնենք, որպեսզի կարողանանք փաստացի ջրի պահանջարկը բավարարել։ Պետք է լուրջ զբաղվել նաև ջրագողությունների դեպքերով, որպեսզի նվազեցնենք ջրակորուստները։ Սրանք մեկ օրում լուծվող հարցեր չեն։ Ես վստահ եմ, որ 2-3 տարի հետո լրիվ ուրիշ պատկեր կունենանք ջրամատակարարման ոլորտում»,–ասել է Մեսրոպյանը։ ՀԾԿՀ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության, «Վեոլիա Ջրի» հայաստանյան գրասենյակի և ֆրանսիական գլխամասային գրասենյակի միջև ստորագրվել է եռակողմ համաձայնագիր, ըստ որի՝ ընկերությանը փոխանցվող վարձավճարներn անմիջապես չեն փոխանցվելու բյուջե, այլ մնալու են ոլորտում՝ Ջրային կոմիտեում, որպեսզի դրանք ուղղվեն ենթակառուցվածքների արդիականացմանը, վերանորոգմանը և առկա խնդիրների լուծմանը։ Վերջին օրերին լայն արձագանք է ստացել «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած գրաֆիկը, ըստ որի՝ Երևանի որոշ հասցեներում մայիսից նախատեսվել է ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, իսկ մարզերի մի շարք բնակավայրերում՝ 6-ժամյա։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը փետրվարի 25-ին հայտարարել է, որ ժամանակացույցի փոփոխությունը պայմանավորված է տասնյակ հազարավոր նոր սպառողների ավելացմամբ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ժամեր անց հայտնել է, որ կառավարության միջամտության արդյունքում ժամանակացույցի փոփոխություն չի լինելու։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |