Հայաստանի ինքաբավությունը ցորենի մասով նվազել է

Հայաստանի ինքաբավությունը ցորենի մասով նվազել է

PanARMENIAN.Net - 2024 թվականին Հայաստանի ինքնաբավության մակարդակը ցորենի մասով փոքր-ինչ նվազել է 2022-2023 թվականների համեմատ։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

2024 թվականին (2025-ի տվյալները դեռ չեն ամփոփվել) Հայաստանը սեփական ցորենի պահանջարկը բավարարել է 22․8 %-ով․ արտադրվել է 120 հազար տոննայից մի փոքր ավելի, իսկ ներմուծվել է մոտ 411 հազար տոննա։ Վերջին հինգ տարիների ընթացքում այս ցուցանիշը պահպանվել է 23-24 %-ի սահմաններում, իսկ 2023-ին այն հասել է 27․9 %-ի, հայտնում է Sputnik Արմենիան:

Ցուցանիշների տատանումները պայմանավորված են նաև բերքատվությամբ, որը տարեցտարի փոփոխվել է։ Բացի այդ, հանրապետությունում դեռևս չի ձևավորվել գյուղմթերքի ծավալների հավաքագրման հստակ համակարգ, քանի որ առուվաճառքի ամբողջական և ճշգրիտ հաշվառում չի իրականացվել։

Կարտոֆիլի դեպքում ինքնաբավությունը կազմել է 106.2 % (արտադրությունը՝ 338 հազար տոննա, արտահանումը՝ մոտ 36 հազար, ներմուծումը՝ 16 հազար տոննա)։ Նախորդ տարիներին ևս հանրապետությունն ամբողջությամբ ապահովել է ներքին սպառումը՝ ունենալով որոշակի ավելցուկ։

Ինչպես նախորդ տարիներին, բանջարեղենի և մրգի մասով ինքնաբավությունն ընդհանուր առմամբ զգալիորեն գերազանցել է 100 %-ը։ Սմբուկի, լոլիկի և պղպեղի դեպքում այն անցել է 100 %-ի շեմը, իսկ մի շարք այլ բանջարատեսակների դեպքում մոտեցել է 90 %-ին։ Միաժամանակ էականորեն աճել է ջերմոցային լոլիկի ներմուծման ծավալը․ վերջին երկու տարիներին այն գերազանցել է 40 հազար տոննան, մինչդեռ ավելի վաղ կազմել է 10-20 հազար տոննա։ Eրկար տարիներ ջերմոցային լոլիկի և վարունգի ներմուծման զգալի մասը չի գրանցվել․ նախկինում այն հիմնականում իրականացվել է Թուրքիայից, այժմ՝ նաև Իրանից։

Լոլիկի բերքը կազմել է մոտ 187 հազար տոննա (վերջին տարիներին տատանվել է 150-200 հազար տոննայի սահմաններում), արտահանումը՝ 56.3 հազար տոննա, ինչը 3-4 հազար տոննայով ավելի է եղել նախորդ տարիների համեմատ։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ վերջին տարիներին մի քանի հազար տոննայով ավելացել են նաև պղպեղի և վարունգի արտադրության ծավալները՝ ակնհայտորեն ակտիվորեն կառուցվող ջերմոցային տնտեսությունների հաշվին։ Սակայն լոլիկի արտադրության կայուն աճ դեռևս չի արձանագրվել։

Մրգերի մասով (բացառությամբ արևադարձայինների) ինքնաբավությունը, ինչպես նախկինում, հիմնականում գերազանցել է 100 %-ը։ Մասնավորապես, ծիրանի դեպքում 2024 թվականին ցուցանիշը կազմել է մոտ 157 %․ հավաքվել է ավելի քան մեկուկես անգամ ավելի շատ բերք, քան սպառվել է երկրի ներսում (99 հազար տոննա՝ 62 հազարի դիմաց)։ Արտահանումը կազմել է մոտ 36 հազար տոննա։ Խաղողի դեպքում ինքնաբավությունը կազմել է 104 % (արտադրությունը՝ 196 հազար տոննա, արտահանումը՝ 13 հազար, ներմուծումը՝ 6 հազար տոննա)։

Շաքարավազի ինքնաբավությունը կազմել է 55 % (54 հազար տոննա՝ տեղական արտադրություն, 49 հազար տոննա՝ ներմուծում), սակայն տեղական արտադրության համար օգտագործվող հումքը ամբողջությամբ ներմուծվել է Բրազիլիայից։

Տավարի մսի դեպքում ինքնաբավությունը կազմել է 88 % (վերջին տարիներին մոտ 90 %)․ տեղական արտադրությունը կազմել է 60 հազար տոննա, ներմուծումը՝ մոտ 8․5 հազար տոննա։ Թռչնամսի դեպքում ինքնաբավությունը հասել է 26 %-ի (վերջին տարիներին՝ մոտ 25 %)․ տեղական արտադրությունը կազմել է մոտ 16 հազար տոննա, ներմուծումը՝ 45 հազար տոննա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---