ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները![]() 7 մարտի 2026 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ նամակ են ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ խնդրելով հետաքննել փետրվարին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպը, որը տեղի է ունեցել այն հյուրանոցի դիմաց, որտեղ տեղակայված է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և միջոցներ ձեռնարկել պատասխանատուների նկատմամբ։ Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ կոնգրեսական Ջիմ Մաքգովերնը նամակը հրապարակել է սոցիալական ցանցերում։ Փաստաթղթում նշվել է, որ փետրվարի 19-ին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ալիևի անվտանգության աշխատակիցները ուժ են կիրառել «Waldorf Astoria» հյուրանոցի դիմաց հավաքված ցուցարարների նկատմամբ, հայտնում է Factor.am-ը: «Ինչպես երևում է լայնորեն տարածված տեսանյութերում՝ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները կիրառել են չափազանց մեծ ուժ՝ հարվածելով և հետապնդելով ցուցարարներին։ Սա, կարծես, միջազգային բռնաճնշումների ակտ է, որը կատարվել է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական հարևանությամբ։ Մենք խորը մտահոգություն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ»,- ասվել է հայտարարության մեջ։ Կոնգրեսականները նշել են, որ ցուցարարների թվում եղել է Ռահիմ Յագուբլուն՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուի որդին։ Վերջինս Ադրբեջանում դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով, որը, նրա կողմնակիցների կարծիքով, քաղաքական դրդապատճառներ ունի։ «Մենք դատապարտում ենք այս հարձակումները՝ որպես Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր մարդու խաղաղ հավաքվելու և խոսքի ազատություն իրականացնելու իրավունքի ուղղակի ոտնձգություն: Այս իրավունքները գտնվում են ամերիկյան ժողովրդավարության հիմքում և պաշտպանված են ինչպես ԱՄՆ Սահմանադրությամբ, այնպես էլ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտով»,- նշվել է փաստաթղթում։ Նամակում նաև նշվել է, որ Կոնգրեսի անդամները նախկինում ևս մտահոգություն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես արտացոլվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցներում։ Նրանք ԱՄՆ վարչակազմին կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ իրենց միջազգային պարտավորությունները կատարելու համար։ Նամակի հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ ղեկավարությունը պետք է արձագանքի միջադեպին պաշտոնական և դիվանագիտական ուղիներով և իրականացնի քննություն՝ պատասխանատուներին պարզելու նպատակով։ Դիմումը ստորագրել են սենատոր Թիմ Քեյնը և կոնգրեսականներ Ջիմ Մաքգովերնը, Էլեոնոր Հոլմս Նորտոնը, Ջեյմի Ռասկինը, Դինա Թայթուսը, Դոնալդ Բեյերը և Ջեյմս Ուոքինշոնը։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, որտեղ նա մասնակցել է Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Մի քանի ադրբեջանցի էմիգրանտներ՝ կառավարության քննադատներ, փորձել են խաղաղ բողոքի ակցիա անցկացնել այն հյուրանոցի առջև, որտեղ գտնվել է Ադրբեջանի նախագահը, սակայն Ալիևի թիկնապահների կողմից ծեծի են ենթարկվել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |