Փաշինյանն ու Պուտինը շնորհավորել են Մոջթաբա Խամենեիին![]() 9 մարտի 2026 - 16:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ այդ պաշտոնում ընտրվելու առիթով։ «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»,-ասվում է ուղերձում: Խամենեիին շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձի տեքստը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։ «Այժմ, երբ Իրանը դիմակայում է զինված ագրեսիային, Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում, անկասկած, կպահանջի մեծ քաջություն և անձնազոհություն։ Վստահ եմ, որ Դուք պատվով կշարունակեք Ձեր հոր գործը և կմիավորեք իրանցի ժողովրդին ծանր փորձությունների առջև։ Իմ կողմից ցանկանում եմ վերահաստատել Թեհրանին մեր անփոփոխ աջակցությունը և համերաշխությունն իրանցի բարեկամների հետ։ Ռուսաստանը եղել և կլինի Իսլամական Հանրապետության վստահելի գործընկերը։ Ձեզ մաղթում եմ հաջողություն Ձեր առջև կանգնած բարդ խնդիրների լուծման գործում, ինչպես նաև քաջառողջություն և ուժեղ ոգի», — նշված է շնորհավորական հեռագրում, հայտնում է Interfax-ը: Ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ է ընտրվել Մոջթաբա Խամենեին՝ երկրի նախորդ առաջնորդ Ալի Խամենեիի որդին։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Իրանի փորձագետների խորհուրդը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հավատարմության երդում է տվել Մոջթաբա Խամենեիին։ Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |