Խաչատուրյան․ ՀՀ-ն հետաքրքրված է Չիլիի և Հարավային Ամերիկայի հետ համագործակցության խորացմամբ![]() 11 մարտի 2026 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն հետաքրքրված է Չիլիի և Հարավային Ամերիկայի հետ համագործակցության խորացմամբ, ասել է աշխատանքային այցով Չիլիում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա հանդիպել է այդ երկրի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ։ Դուք շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնում մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ պետք է կարևոր խնդիրներ լուծեք։ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցությունը խորացնելու հարցում և վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է նախագահը։ Կաստը նշել է, որ վերջին տասնամյակներում Չիլիում արմատական փոփոխություններ են եղել: «Սակայն մենք պահպանում ենք ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերություններ մեր գործընկերների հետ և հետաքրքրված ենք նաև Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնություններով»,- ասել է Խոսե Անտոնիո Կաստը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա ընդհանուր իրավիճակին և զարգացումներին, ինչի կապակցությամբ Հանրապետության նախագահը գործընկերոջը ներկայացրել է ընթացիկ գործընթացների վերաբերյալ մանրամասներ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու և առաջնահերթ ուղղությունները ճշգրտելու շուրջ։ Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ ներուժը և դրա լիարժեք իրագործման կարևորությունը, ինչը կարող է նոր և արդյունավետ հարթակ ստեղծել երկու երկրների համար։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Չիլիի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |