HRW նախկին տնօրեն․ Դժվար է խոսել ազատ ընտրությունների մասին, երբ ընդդիմադիրները կալանքի տակ են խոսքի համար![]() 12 մարտի 2026 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Դժվար է խոսել ազատ ընտրությունների մասին, երբ ընդդիմադիրները կալանքի տակ են խոսքի համար, հայտարարել է IODA գործադիր խորհրդի անդամ, Human Rights Watch-ի նախկին տնօրեն Սառա Լի Ուիթսոնը Երևանում հրավիրված ասուլիսում: «Ես ցանկանում եմ կարճ ներկայացնել մի քանի կոնկրետ մտահոգություններ, որոնք մենք ունենք կապված քաղաքական միջավայրի, իրավական միջավայրի հետ, որում այս ընտրությունները տեղի են ունենում, ըստ երևույթին՝ կառավարական պաշտոնյաների անհարգի ճնշման և միջամտության պայմաններում»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ պետք է գործեն անկախ ինստիտուտներ, քաղաքական կուսակցություններ, կրոնական հաստատություններ, լրատվամիջոցներ, փաստաբանական միություն և անկախ դատական համակարգ։ «Բոլոր այս ոլորտներում վերջին շաբաթվա ընթացքում մենք լսել ենք ծավալուն ապացույցներ, թե ինչպես է կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում, ոչ պատշաճ գործողություններ կատարում»,- նշել է նա։ Ուիթսոնը նաև անդրադարձել է ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին՝ ընդգծելով, որ դրանք, իր գնահատմամբ, ունեն քաղաքական շարժառիթներ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի և եկեղեցու որոշ արքեպիսկոպոսների դեպքերը։ «Որոշ դեպքերում այս անձանց ձերբակալությունները և այլ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալությունները իրականացվել են ոստիկանության չափից ավելի բռնի գործողություններով՝ օգտագործելով անվտանգության մեծաթիվ ուժեր»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ լրացուցիչ մտահոգություն է առաջացնում նաև նախնական կալանքի երկար կիրառումը այն անձանց նկատմամբ, որոնց մեղադրանքները, ըստ նրա, կապված են քաղաքական բնույթի իրավախախտումների հետ։ «Հատկապես հարկ է նշել, որ պարոն Սամվել Կարապետյանը՝ այս պահին հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը, մնում է տնային կալանքի տակ և շատ-շատ դժվար է պատկերացնել, որ ազատ և արդար ընտրություն կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ քաղաքական կուսակցության առաջնորդը, ով ընդամենը մեղադրվել է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված։ Դա լավ տպավորություն չի թողնում Հայաստանի ժողովրդավարության համար՝ ունենալ քաղաքական ընդդիմադիր ներկայացուցիչներ ազատազրկված վիճակում»,- ասել է Human Rights Watch-ի նախկին տնօրեն Սառա Լի Ուիթսոնը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |