«Գիտուժ»․ Գիտհաստատության ղեկավարի մասնագիտական քայլը «սադրիչ» ներկայացնելը վտանգավոր նախադեպ է ստեղծում

«Գիտուժ»․ Գիտհաստատության ղեկավարի մասնագիտական քայլը «սադրիչ» ներկայացնելը վտանգավոր նախադեպ է ստեղծում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի «պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական հաստատությունների ինքնավարության և ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից», ասվում է «Գիտուժ» նախաձեռնության հայտարարության մեջ։

Նշվում է, որ գիտական հաստատության ղեկավարի մասնագիտական գործողությունները «սադրիչ» ներկայացնելը վտանգավոր նախադեպ է ստեղծում:

«Հանրային գիտահետազոտական հաստատության ղեկավարը քաղաքական պաշտոնյա չէ և չի կարող գնահատվել ընթացիկ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակահարմարության չափանիշներով։

Եթե գիտական հաստատության ղեկավարի մասնագիտական գործողությունները ներկայացվում են որպես «արտաքին քաղաքականությանը հակասող» կամ «սադրիչ», ապա ստեղծվում է վտանգավոր նախադեպ, ըստ որի՝ գիտական և, տվյալ դեպքում նաև, հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ոչ միայն պետական, այլև համազգային և միջազգային հեղինակություն ունեցող գիտական կառույց է։ Նրա ղեկավարության նկատմամբ քաղաքական միջամտությունը հարվածում է հաստատության վստահելիությանը, միջազգային հեղինակությանը և Հայաստանի գիտական միջավայրի անկախությանը։ Այս մտահոգությունն արդեն հնչեցվել է նաև քսանից ավելի հեղինակավոր միջազգային ցեղասպանագետների կողմից։

Եթե գիտական հաստատության ղեկավարը կարող է հեռացվել իր մասնագիտական աշխատանքի բովանդակության համար, ապա վտանգի տակ է հայտնվում ոչ միայն մեկ տնօրենի պաշտոնը, այլև Հայաստանի գիտական հաստատությունների մասնագիտական ինքնավարության սկզբունքը։

Հետևաբար, անհրաժեշտ է կամ ներկայացնել լիարժեք, հրապարակային և իրավաչափ հիմնավորում, կամ վերականգնել տնօրենի լիազորությունները՝ թափանցիկ ընթացակարգով»,-ասվում է հայտարարության մեջ:

Փաշինյանը, պատասխանելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատման դիմումի մասին հարցին, հայտարարել է, որ իր ցուցումով է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում գրել: Լրագրողի դիտարկմանը, որ ստացվում է՝ թանգարանի տնօրենը պաշտոնից հեռացվել է վարչապետի պահանջով այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին նվիրել է Արցախի մասին գիրք և խոսել Արցախի թեմայով, Փաշինյանը պատասխանել է, որ համարել է դա սադրիչ գործողություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---