Դատախազությունը բողոքարկել է Սանասարյանի արդարացման վճիռը![]() 25 մարտի 2026 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ կայացված արդարացման դատավճիռը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը: Ավելի վաղ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը արդարացրել է Սանասարյանին, որը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, և որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում։ Դատարանում քննվող գործով մեղադրյալ են եղել նաև ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումն իրականանցող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դատաքննության ընթացքում դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու, այսինքն՝ ոչ արդարացնող հիմքով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |