Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը

PanARMENIAN.Net - Մոլդովայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը: Ընդունվել են օրենքներ, որոնցով դադարեցվել է 3 համաձայնագիր, որոնք երկրի անդամակցության հիմքն է Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ)։

Համապատասխան որոշումները հրապարակվել են օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում, հայտնում է Deutsche Welle-ն:

Խոսքը վերաբերում է ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և դրան կից արձանագրության չեղարկմանը, որոնք ստորագրվել են 1991 թվականի դեկտեմբերին՝ համապատասխանաբար Մինսկում և Ալմաթիում, ինչպես նաև կազմակերպության կանոնադրության չեղարկմանը, որը ընդունվել է 1993 թվականի հունվարին Մինսկում։

Այս որոշումների օգտին քվեարկել է խորհրդարանի 101 պատգամավորից 60-ը։ Չեղարկմանը աջակցել են իշխող «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցության, «Ժողովրդավարություն տանը» կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաև երկրի նախկին վարչապետ Իոն Կիկուն («Այլընտրանք» խմբակցությունից), նշվել է «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ։

Օրինագծերին դեմ են քվեարկել կոմունիստների (ՊԿՌՄ) և սոցիալիստների (ՊՍՌՄ) կուսակցությունների պատգամավորները։ Առաջինի ներկայացուցիչները որոշումը գնահատել են որպես «դավաճանություն» երկրի քաղաքացիների նկատմամբ։

«Սա ողբերգություն է երկրի, նրա տնտեսության համար։ Նրանք (կողմ քվեարկածները - խմբ.) նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ է հաջորդելու»,-ասել է կուսակցության ղեկավար Վլադիմիր Վորոնինը:

Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը սկսել է հունվարին։ 2026 թվականի հունվարի կեսերին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ իշխանությունները մեկնարկել են ԱՊՀ-ին առնչվող երեք փաստաթղթերի չեղարկման գործընթացը, որից հետո, նրա խոսքով, երկիրը պաշտոնապես և իրավաբանորեն այլևս չի հանդիսանա կազմակերպության անդամ։

Կառավարությունը մարտի կեսերին հավանություն է տվել այս որոշմանը, իսկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ օրինագծերը ընդունվել է մարտի 20-ին։ Երկրորդ ընթերցմամբ հաստատումից հետո սպասվում է, որ իշխանությունները կծանուցեն ԱՊՀ գործադիր կոմիտեին, և 12 ամիս անց հանրապետության մասնակցությունը կազմակերպությանը կդադարեցվի։

Մոլդովայի և ԱՊՀ միջև կնքված 283 համաձայնագրերից արդեն չեղարկվել է 71-ը, ևս մոտ 60-ը գտնվում են չեղարկման փուլում։ Միաժամանակ, Քիշնևը չի նախատեսում հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք տնտեսական օգուտ են տալիս կամ գործնական նշանակություն ունեն քաղաքացիների համար, եթե դրանք չեն հակասում երկրի եվրոպական ուղղությանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---