ՊԵԿ նախագահը` Կարապետյանի բիզնեսների դեմ «հարկային տեռորի մասին»․ Ես նման հանձնարարական չունեմ

ՊԵԿ նախագահը` Կարապետյանի բիզնեսների դեմ «հարկային տեռորի մասին»․ Ես նման հանձնարարական չունեմ

PanARMENIAN.Net - Գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի բիզնեսների դեմ «հարկային տեռոր սկսելու» հանձնարարական չկա, հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Sputnik Արմենիան:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում անդրադարձել է Սամվել Կարապետյանին՝ ասելով, որ «վախենում է, որ մինչև տարվա վերջ Կարապետյանը միլիարդատերից բոմժ դառնա»։

ՊԵԿ նախագահը նշել է, որ զբաղված լինելու պատճառով չի լսել այդ արտահայտությունը։

«Նման հանձնարարական ես չունեմ և թույլ տվեք`դա ես չմեկնաբանեմ»,–ասել է Հակոբյանը։

Լրագրողների հարցին, թե եղել են արդյոք դեպքեր, երբ տրվել են նմանատիպ հրահանգներ՝ որոշ անձանց բիզնեսները ստուգելու և խախտումներ հայտնաբերելու նպատակով, Հակոբյանը բացառել է նման պրակտիկան։

«Իմ` պետական եկամուտների կոմիտեի նախագահ լինելու շրջանակներում չեն եղել նման բաներ։ Մեր վարչարարությունը իրականացվում է թիրախային ռիսկերի հիման վրա»,–ասել է նա։

Նա նաև հիշեցրել է, որ ՊԵԿ-ի անմիջական ղեկավարը վարչապետն է, և բնական է, որ երբեմն քննարկվում են տարբեր բիզնեսների ռիսկերը և հնարավոր խնդիրները։

«Նման խոսակցություններ վարչապետի հետ տեղի են ունենում, և դա շատ բնականոն է։ Մենք ինքներս էլ նախաձեռնում ենք բազմաթիվ վերլուծություններ և ներկայացնում ենք վարչապետին։ Պարզ է, որ մենք թիրախային ենք գնում ռիսկերի և ստվերի հետևից, դա է մեր աշխատելաոճը»,–եզրափակել է Հակոբյանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---