Միրզոյան. TRIPP-ի շինարարության փուլում 3–րդ գործընկերների կարիք ենք ունենալու![]() 10 ապրիլի 2026 - 16:57 AMT PanARMENIAN.Net - TRIPP-ի շինարարության փուլում Հայաստանը 3–րդ գործընկերների կարիքն է ունենալու, հայտարարել է Հ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի այն հայտարարությանը, որ «Թրամփի ուղի» նախագիծը շարունակում է մնալ իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը, և Հայաստանը ԱՄՆ–ի և համաձայնեցված 3–րդ երկրների հետ աշխատում է այս նախագծի իրականացման ուղղությամբ, հայտնում է Sputnik Արմենիան: «Հույս ունենք, որ որքան հնարավոր է շուտ մենք կթևակոխենք հաջորդ շինարարության փուլ։ Ահա այստեղ է, որ մենք 3–րդ գործընկերների կարիքն ենք ունենալու։ Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու Հայաստան–ԱՄՆ, սակայն և՛ շինարարության փուլում ենք գործընկերների կարիքն ունենալու, և՛ (ամենայն հավանականությամբ) համակարգերի կառավարման փուլում»,– ընդգծել է Միրզոյանը։ Նա նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ շարունակվում են ակտիվ կերպով, և ներկայումս գործընթացը գտնվում է փաստաթղթերի մշակման և միջպետական համաձայնագրի համաձայնեցման փուլում։ Միրզոյանը հավելել է, որ թեև նախագիծը երկկողմ բնույթ է կրում, այն բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից մինչև Պորտուգալիա։ «Այս նախագիծը հո այլ մոլորակի վրա չէ՞. նրա մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին, իսկ մյուս ծայրն ավարտվի Նախիջևանում, սակայն տրամաբանական շարունակությունը հայկական երկաթուղիների ցանցն է դեպի Թուրքիա, Կենտրոնական Ասիայի երկրներ»,– ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ Նա կրկին ընդգծել է, որ TRIPP նախագծով հետաքրքրված են նաև Մերձավոր Արևելքի պետությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվել է Հայաստանի հարավային հատվածով՝ Սյունիքի մարզով, ռազմավարական տարանցիկ ճանապարհի ստեղծում, որը կոչվելու է «Թրամփի ուղի» (TRIPP) և ապահովելու է Ադրբեջանի առևտրային հասանելիությունը դեպի Նախիջևան։ Նշվել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ, նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Հայաստանը ոչ թե 99 տարով հողը վարձակալությամբ է տրամադրել ամերիկյան կողմին, այլ փոխանցել է կառուցապատման իրավունք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |