Դավիթ Մինասյանին սայլակով ԲԿ-ից տեղափոխել են ՔԿՀ

Դավիթ Մինասյանին սայլակով ԲԿ-ից տեղափոխել են ՔԿՀ

PanARMENIAN.Net - Երևանի Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել սայլակով։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,– պատմել է փաստաբանը։

Չնայած այն հանգամանքին, որ մի քանի օր առաջվա համեմատ նրա առողջական վիճակը որոշ չափով բարելավվել է, Էլբակյանը նշել է, որ բժիշկները նախազգուշացրել էին՝ անհրաժեշտ է, որպեսզի նա շարունակի գտնվել իրենց վերահսկողության ներքո։

18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական ու քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով բերման են ենթարկվել 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 3 անձ։

Երկվորյակներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 5 միլիոն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին կալանավորվել է երկու ամսով։ Ապրիլի 3-ին նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ կրթությունը շարունակելու նպատակով։ Ավելի ուշ տեղեկացվել է, որ նրա առողջական վիճակը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ «Նաիրի» ԲԿ։

 Ուշագրավ
---