Ռուբինյան․ Ես թիրախավորում եմ և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին![]() 14 ապրիլի 2026 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախում, ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ճեպազրույցի ընդհատման մասին հարցին՝ նա ասել է․ «Չեմ լսել, թե պարոն Սիմոնյանը ինչու է հեռացել, բայց ենթադրում եմ, որ իմ պես զայրացել է, որ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ իրենց տերերի հրահանգով փորձում են ստեղծել մի տպավորություն, թե, իբր, ինչ որ տնտեսական խնդիրներ կան ՌԴ-ի հետ», հայտնում է Panorama.am-ը: Լրագրողը հիշեցրել է, որ մոսկովյան այցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կոշտ հայտարարություններ արեցին, Սիմոնյանն էլ այն ժամանակ հակադարձել էր, որ եթե գազի գինը թանկանա, Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից և մյուս կառույցներից։ Ռուբինյանը պնդել է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը Եվրոպայում և Հայաստանում գազի գների տարբերության մասին Պուտինի հայտարարությունը թանկացման վերաբերյալ ակնարկ չէ։ «Դուք նկատի ունեք, որ Ռուսաստանը պետք է պայմանավորվածություննե՞րը չկատարի, թշնամական գործողություննե՞ր կատարի։ Նման ակնարկ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր և նրանց ենթարկվող լրատվամիջոցները․․․Ես թիրախավորում եմ լրատվամիջոցներին և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին... Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ձեզանից բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր թափանցիկ չեն ներկայացնում իրենց ֆինանսական աղբյուրները, հայտնվելու են իմ թիրախի ներքո, հիմիկվանից իմացեք»,-ասել է նա: Նա հավելել է, որ հասկանում է, թե լրագրողներն ինչու են ուզում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացման թեմայի «փուչիկը փչել»: «Որովհետև կալուգացի օլիգարխն ուզում է այն դարձնել իր քաղաքական կոմպանիայի մի մաս»,-ասել է նա: Ռուբինյանն անհարմար հարցեր հնչեցնող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին խնդրել է լքել ճեպազրույցների սրահը։ «Դե դուք էլ քաղաքական դաշտը լքեք»,-հակադարձել է լրագրողը։ Ռուբինյանն էլ պատասխանել է, թե ժողովուրդն է որոշելու, թե ով կլքի քաղաքական դաշտը: «Վստահ եմ, որ ժողովուրդը մեզ կտա այնքան ավել մանդատ, որ լրագրողները և լրատվամիջոցները, որոնք սնվում են տարբեր օլիգարխների կողմից, ստիպված են լինելու հրապարակել իրենց ֆինանսական աղբյուրները, ու մարդիկ իմանալու են, թե այն լրագրողները, ովքեր գալիս քաղաքական ելույթներ են ունենում՝ ում պատվերով են դա անում։ Օրինակ իմանալու են, թե կոնկրետ դուք ում պատվերն եք կատարում»,-ասել է նա: Լրագորղը հորդորել է իր հետ ցուցամատով չխոսել՝ հավելելով. «Ժողովուրդը մեր լրատվամիջոցների միջոցով լավ իմանալու է, թե ինչպես է պետական բյուջեն մսխվում... Դուք եք բուջեից ֆինանսավորվում, հանրային փողերը ծախսում եք՝ լրատվամիջոցներին եք թիրախավորում»։ Ավելի վաղ Սիմոնյանը ընդհատել է ճեպազրույցը: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է մի գիշերում իրենք էլ մտնեն ԵՄ՝ Սիմոնյանը պատասխանել է. «Տարբերությունը Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի զգացե՞լ եք, թե չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի տարբերությո՞ւնը։ Օրինակ, եթե Փաշինյանը չլիներ՝ ձեր մեծ մասը հիմա «ինոագենտ» կլիներ, իսկ դու բանտում»,-ասել է նա՝ դիմելով լրագրողներից մեկին, ով հարցրել է, թե ի՞նչ է մինչև 2018 թ-ը բոլոր լրագրողներն «ինոագենտնե՞ր» էին։ Լրագրողի դիտարկումը, թե ի՞նչ է նշանակում ինոագենտ անվանել լրագրողներին՝ հունից հանել է Սիմոնյանին․ նա դադարեցրել է ճեպազրույցն ու հեռացել՝ առաջարկելով հարցեր ուղղել հենց այդ լրագրողին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |