ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է թմրամիջոցների շրջանառության պատժի խստացման և այլ նախագծեր![]() 16 ապրիլի 2026 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների համար պատժաչափերի խստացման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է խստացնել պատիժն իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, տարածելու, գովազդելու և իրացնելու դեպքերում, եթե այդ գործողությունները կատարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ՝ «Տելեգրամ» ալիքով․ 3-6 տարվա փոխարեն նախատեսվել է 4-8 տարվա ազատազրկում, հայտնում է 1lurer.am-ը: Իսկ անչափահասին թմրամիջոց վաճառելու կամ վաճառքի մեջ անչափահաս ներգրավելու դեպքում առաջարկվել է 3-6 տարվա փոխարեն սահմանել 6-12 տարվա ազատազրկում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ կողմ են քվեարկել այս նախագծին, սակայն նաև հույս է հայտնել, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատժաչափերը կվերանայվեն։ Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև օտարերկրյա և տեղացի ներդրողների համար հավասար իրավունքներ և ազատություններ սահմանող նախագիծը, որը ներկայացվել է որպես մայր օրենք։ Ըստ դրա՝ բացառվել է խտրականության հնարավորությունը երկու հիմնական բաղադրիչներով՝ ազգային ռեժիմ, որով օտարերկրյա ներդրողները ստանում են տեղացիների հետ հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա բոլոր ներդրողները համանման պայմաններում ունեն հավասար իրավունքներ։ Սա նշանակում է, որ օտարերկրյա ներդրողը կարող է ակնկալել նույն բարենպաստ վերաբերմունքը, որը կիրառվում է այլ օտարերկրյա ներդրողների նկատմամբ։ Արծվիկ Մինասյանը հայտարարել է նաև, որ այս նախագծին դեմ են քվեարկել՝ նշելով, որ այն ներկայիս տեսքով հակասում է ներդրումների ներգրավման քաղաքականությանը, միաժամանակ հույս է հայտնել, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այն կփոփոխվի։ Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև ոստիկանությունում կատարողականի գնահատման նոր համակարգ ներդնելու նախագիծը, որով յուրաքանչյուր տարվա համար ձևավորվելու է ընդհանուր գնահատական։ Այն լինելու է չափելի ինչպես անհատական, այնպես էլ կառուցվածքային ստորաբաժանումների մակարդակներում՝ գնահատելով իրականացված աշխատանքը։ Առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև ոսկերչության ոլորտում հարկային բեռի նվազեցմանն ուղղված նախագիծը, ըստ որի՝ ոսկեգործության և ադամանդագործության համար ձևավորվելու է առավել նպաստավոր հարկային միջավայր։ Նախատեսվել են ավելացված արժեքի հարկով արտոնյալ կարգավորումներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |