Եվրախորհրդարանը ՀՀ դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել![]() 30 ապրիլի 2026 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվել է Եվրոպական միության աջակցությունը երկրի ժողովրդավարական առաջընթացին, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 476 պատգամավոր, դեմ՝ 47, իսկ 48-ը ձեռնպահ են մնացել, հայտնում է Արմենպրեսը: Բանաձևն աջակցում է 2026 թվականի հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ դրանց արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես հայ ժողովրդի կամքով։ Փաստաթղթում կարևորություն է տրվել ընտրական գործընթացների անկախությանը, հավասար քարոզչական պայմանների ապահովմանը, մեդիայի բազմակարծությանը և հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանությանը։ Միաժամանակ շեշտվել է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Փաստաթուղթը նաև ողջունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը և Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և բարեփոխումների իրականացման հարցում։ Դրանում դրական է գնահատվել ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը, CEPA-ի կյանքի կոչման առաջընթացը, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը և «Դիմակայունության ու աճի» ծրագրի իրականացումը։ Բանաձևում առանձնահատուկ ընդգծվել է նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ դիտարկվելով որպես կարևոր քաղաքական ազդակ Հայաստանի հետ համերաշխության համատեքստում։ Տարածաշրջանային անվտանգության հարցերին անդրադառնալով՝ փաստաթուղթը աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ արել հասնել համապարփակ համաձայնագրի՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա։ Բանաձևը դատապարտել է Ադրբեջանում պահվող հայ գերիների պահումը և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է արել ընդլայնել ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը Հայաստանին՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։ Փաստաթուղթը դրական է գնահատել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ընդլայնումը։ Բացի այդ, ընդգծվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։ Փաստաթուղթը խստորեն դատապարտել է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտության փորձերը՝ հատկապես ընդգծելով Ռուսաստանի և նրա ազդեցության ցանցերի գործունեությունը, ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվական արշավները։ Այսպիսով, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական ընտրության, ինքնիշխան զարգացման, եվրոպական ուղղության ամրապնդման և արտաքին սպառնալիքներին դիմակայելու կարևորությունը։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |