Զելենսկի. Ուկրաինայի նախագահի առաջին այցն էր ՀՀ վերջին 24 տարվա ընթացքում![]() 5 մայիսի 2026 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահի առաջին այցը ՀՀ վերջին 24 տարվա ընթացքում, գրել է Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով իր մասնակցությանը ԵՔՀ երևանյան գագաթնաժողովին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շնորհակալություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հրավերի համար։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 24 տարվա ընթացքում։ Կարևոր է, որ մենք վերականգնում ենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը»,-գրել է նա: Նա հավելել է, որ քննարկել իրավիճակը տարածաշրջանում: «Ես վարչապետին ներկայացրեցի իրական խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Մենք նաև քննարկեցինք մեր տնտեսական գործընկերության զարգացումը։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի Կիևում»,- գրել է Ուկրաինայի նախագահը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ՝ կարևորելով կայուն և երկարատև խաղաղության խթանման անհրաժեշտությունը, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |