Մակրոն. Շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք` Ֆրանսիան սիրում է ձեզ![]() 6 մայիսի 2026 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի պետական այցը Հայաստան ավարտվել է, ֆեյսբուքյան իր էջում հայերեն հրապարակում է կատարել: «Ֆրանսիան սիրում է ձեզ»,-գրել է նա: Մակրոնը նաև տեսանյութ է հրապարակել Գյումրու Վարդանանց հրապարակում ունեցած իր ելույթից: Գյումրիում անցկացված «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգի ժամանակ Մակրոնը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին՝ պետական այցի ընթացքում իրեն ցուցաբերած ջերմ ընդունելության համար։
Նա նշել է, որ 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգությունն այսօր ևս մնում է բոլորի հիշողության մեջ, երբ Ֆրանսիան կանգնել է Հայաստանի կողքին, հայտնում է Արմենպրեսը: «Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց։ Մենք գիտենք բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»,- ասել է Մակրոնը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Գյումրիում կազմակերպված համերգը դարձել է Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակում անցկացված եզրափակիչ միջոցառումը։ «Ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց, թե ինչպես է առանց բոլորիդ ողջունելու հեռանալու։ Իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Ես Ֆրանսիայում ասում էի իրեն, որ Հայաստանում շատ մեծ ժողովրդականություն է վայելում, ասում էր՝ չափազանցնում ես։ Հիմա ամեն անգամ, երբ նման տեսարան է լինում, իրեն ասում եմ՝ տես, որ չէի չափազանցնում»,- ասել է Փաշինյանը։ «Զվարթնոց» օդանավակայանում Էմանուել Մակրոնին ճանապարհել են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |