BBC. Երևանում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը միջազգային արձագանքների կենտրոնում է![]() 6 մայիսի 2026 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովները տարբեր երկրներում արժանացել են քաղաքական ու փորձագիտական լայն արձագանքի, գրում է BBC-ն: Նշվում է, որ մայիսի 4-ին և 5-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և պատմության մեջ առաջին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Եվրոպացի առաջնորդները Հայաստանի մայրաքաղաք են ժամանել երկրում նախատեսված խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից մեկ ամիս անց։ Գագաթնաժողովի արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որտեղ ընդգծվել է, որ գագաթնաժողովն արտացոլել է «վերջին տարիների նշանակալի ձեռքբերումները և գործընկերության ռազմավարական կարևորությունը»։ Եվրամիությունը կրկին հաստատել է Երևանի հետ հետագա համագործակցությանն աջակցելու պատրաստակամությունը՝ նշելով, որ «Հայաստանին և ԵՄ-ին միավորում են ընդհանուր քաղաքական արժեքները և հավատարմությունը միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»։ Փաստաթղթում նաև նշվել է, որ Եվրամիությունը ճանաչում է «հայ ժողովրդի եվրոպական ձգտումները»՝ հղում կատարելով նախորդ տարվա մարտին ընդունված «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքին։ Եվրոպական կողմը նաև ակնկալել է, որ Հայաստանում ներդրումների ծավալը կհասնի 2․5 միլիարդ դոլարի։ Նշվում է, որ Եվրամիությունը ձգտում է բարելավել Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունն ու աջակցել կանաչ էներգետիկային անցմանը, ինչպես նաև սկսել է բանակցություններ, որոնք հետագայում կարող են հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին կարճաժամկետ առանց վիզայի մուտք գործել միության երկրներ։ Բրյուսելը նաև աջակցություն է հայտնել Հայաստանի այլ նախաձեռնությունների նկատմամբ՝ ներառյալ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցությունը, Փարիզյան կլիմայական համաձայնագրին հավատարմությունը, ինչպես նաև տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համատեղ ծրագրերը։ Միևնույն ժամանակ, հռչակագրի համապատասխան բաժիններում, որոնց թիվը գերազանցել է 40-ը, բացակայում են մանրամասներ՝ մասնավորապես ֆինանսական ծավալների և ժամկետների վերաբերյալ։ Բացառություն է կազմել միայն 29-րդ կետը, որտեղ նշվել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին 30 միլիոն եվրոյի ոչ մահաբեր օգնություն տրամադրելու մասին՝ «ապագայում միջազգային առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ ԵՄ կողմից իրականացվող, հնարավոր մասնակցության նպատակով»։ Guardian-ը նշել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը բնութագրել է որպես «հարաբերություններում կարևոր փուլ» և «Հայաստանի դեպի Արևմուտք աստիճանական, դանդաղ աշխարհագրական վերաուղղորդման խորհրդանիշ»։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում գրել է. «Տրանսպորտից մինչև էներգետիկա և թվային ցանցեր՝ սա կարող է Հայաստանը վերածել մայրցամաքների խաչմերուկում գտնվող ռազմավարական հանգույցի, որը կապում է ԵՄ-ն, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան»։ Մակրոնն ասել է, որ 8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան, քանի որ այն դիտարկվում էր որպես ՌԴ սատելիտ, սակայն, նշվում է, որ ԶԼՄ-ներն անմիջապես հիշեցրել են նրան ուղիղ 8 տարի առաջ՝ 2018-ին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը, որին մասնակցել էր 80-ից ավելի երկրի ներկայացուցիչ և 38 պետության ղեկավար, այդ թվում՝ ինքը Մակրոնը: Նշվում է, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն, ՀՀ-ն, նախկինի պես, ԵԱՏՄ անդամ է, իսկ Փաշինյանը, ներկայացնելով նախընտրական ծրագիրը, խոստացել է, որ թույլ չի տա «խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |