Գլխավոր դատախազ․ Բանկերին պարտավորեցրել ենք վերացնել անվտանգության խոցելիությունները![]() 6 մայիսի 2026 - 15:01 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բանկային համակարգում առկա անվտանգության թույլ մեխանիզմների պատճառով քաղաքացիները զրկվել են իրենց դրամական միջոցներից, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում: Նա հավելել է, որ բանկերին պարտավորեցրել են վերացնել անվտանգության խոցելիությունները, հայտնում է Արմենպրեսը: Նրա խոսքով՝ եղել են քաղաքացիներ, որոնք նախկինում անգամ վարկ ստանալու հնարավորություն չեն ունեցել, սակայն մեքենայությունների և թվային գործիքների ոչ պատշաճ պաշտպանվածության հետևանքով նրանց անուններով վարկեր են ձևակերպվել։ Վարդապետյանը շեշտել է, որ այդ քաղաքացիները որևէ գործողություն չեն կատարել, որը կարող էր նպաստել խարդախությանը։ «Այս անձինք որևէ ազդեցություն չեն ունեցել, որևէ տվյալ որևէ մեկին չեն փոխանցել, որևէ հղումով չեն անցել»,- նշել է գլխավոր դատախազը։ Նա տեղեկացրել է, որ, այդ հանգամանքները հաշվի առնելով, միջնորդագիր է ուղարկվել Կենտրոնական բանկի նախագահին, ինչպես նաև քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ։ Գլխավոր դատախազի խոսքով՝ այդ վարույթներով տուժող են ճանաչվել բանկերը, թեև բանկային համակարգը սկզբնական փուլում համաձայն չի եղել այդ մոտեցման հետ։ «Իրավապահ մարմինը այլ կարծիքի էր»,- ընդգծել է Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով բանկերին ուղարկվել են միջնորդագրեր՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության համակարգերը։ «Մի քանի ամիս հետո բոլոր այն անվտանգության խոցելի կետերը, որոնք կային այդ բանկերում, կարծես, վերացվեցին»,- նշել է գլխավոր դատախազը՝ հավելելով, որ դրանից հետո նմանատիպ սխեմայով մեքենայություններ այլևս չեն արձանագրվել։ Միաժամանակ Վարդապետյանը նշել է, որ կիբեռխարդախությունների մյուս դեպքերը հիմնականում կապված են քաղաքացիների թվային անբավարար գրագիտության հետ։ «Քաղաքացիները իրենք են տրամադրում որոշակի կոդեր, որոշակի հղումներով անցումներ են կատարում»,- ասել է նա։ Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ բանկերին առաջարկվել է ներգրավել լրացուցիչ աշխատակիցներ, որոնք հեռախոսազանգերի միջոցով կկարողանան ճշտել կասկածելի տրանզակցիաները, սակայն նշել է, որ բոլոր գործարքների դեպքում դա գործնականում դժվար է իրականացնել։ Վարդապետյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում գլխավոր դատախազությունում ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որը զբաղվում է բացառապես կիբեռհանցագործություններով։ «Մասնագիտացված դատախազները մշտապես մասնակցում են միջազգային սեմինարների և վեբինարների՝ տեղյակ լինելու նաև դարկնեթում կիրառվող գործիքների և դրանց քննության մեխանիզմների վերաբերյալ»,- նշել է նա։ Գլխավոր դատախազի գնահատմամբ՝ վերջին տարիներին և ամիսներին կիբեռհանցագործությունների քննության որակը զգալիորեն բարելավվել է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |