Պաշտոնյաների ազգականների մասնակցությունը մրցույթներին կսահմանափակվի

Պաշտոնյաների ազգականների մասնակցությունը մրցույթներին կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Սահմանափակումներ են սահմանվել պետական գնումներին պետպաշտոնյաների մերձավոր ազգականների մասնակցության համար։ «Գնումների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններն Ազգային ժողովն ընդունել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։

Փոփոխությունների համաձայն՝ պետական մրցույթներին չեն կարող մասնակցել այն ընկերությունները, որոնց հիմնադիրները կամ ղեկավարները բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի և փոխվարչապետերի, ինչպես նաև պետական գնումների ոլորտը համակարգող ղեկավարների, այդ թվում՝ ֆինանսների նախարարի և ոլորտային տեղակալի մերձավոր ազգականներն են՝ ամուսիններ, ծնողներ, երեխաներ, եղբայրներ և քույրեր, հայտնում է Sputnik Արմենիան:

Բացի այդ, առանձին գերատեսչությունների և համայնքների ղեկավարների ազգականներին արգելվել է մասնակցել համապատասխան կառույցների և գերատեսչությանը ենթակա կազմակերպությունների մրցույթներին։

Ավելի վաղ Հայաստանում պետական գնումների համակարգը բազմիցս քննադատության է ենթարկվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ընդդիմության կողմից՝ հովանավորչության վերաբերյալ մեղադրանքների ֆոնին։

 Ուշագրավ
---