2025-ին ավարտված քրվարույթների թիվն աճել է, կալանքի միջնորդություններինը՝ նվազել

2025-ին ավարտված քրվարույթների թիվն աճել է, կալանքի միջնորդություններինը՝ նվազել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։

Անդրադառնալով ավարտված քրեական վարույթների աճին՝ նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննվող քրեական վարույթների թիվն աճել է 5590-ով կամ 6.5 տոկոսով։ 2025 թվականին քննվել է 90 հազար 931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 85 հազար 341-ի դիմաց, հայտնում է 1lurer.am-ը:

Ընթացքը լուծված քրեական վարույթների թիվն աճել է 6483-ով կամ 10.2 տոկոսով։ 90 հազար 931 վարույթից լուծվել է 69 հազար 694-ի ընթացքը, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 63 հազար 211։

Դատավարական ավարտով քրեական վարույթների թիվն աճել է 2825-ով կամ 23.8 տոկոսով։ Ավարտված 41 հազար 761 քրեական վարույթից 14 հազար 650-ը՝ 15 հազար 533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Նախորդ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 11 հազար 825 քրեական վարույթ՝ 12 հազար 805 անձի վերաբերյալ։

Քննիչների արտադրողականությունը կազմել է 76.6 տոկոս՝ նախորդ տարվա 74.1 տոկոսի համեմատ, այսինքն՝ աճել է 2.5 տոկոսով։

Քննչական կոմիտեի նախագահը նշել է նաև, որ քրեական վարույթների աճին զուգահեռ ավելացել է մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը՝ հասնելով 142 քրեական վարույթի, մինչդեռ 2024 թվականին այն կազմել է 132։

Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններին՝ Արթուր Պողոսյանը նշել է, որ դրանց թիվը նվազել է։ Մասնավորապես՝ ներկայացվել է 3063 միջնորդություն, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել է 3095։ Ներկայացված միջնորդություններից 2181-ը բավարարվել է ամբողջությամբ, 578-ը՝ մասնակի, իսկ 304-ը մերժվել է։

2025 թվականին մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16 հազար 294 անձ, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը կազմել է 13 հազար 262, այսինքն՝ աճել է 3032-ով կամ 22.8 տոկոսով։

Խափանման միջոց կալանքը կիրառվել է մեղադրյալների 18.7 տոկոսի նկատմամբ, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել է 23.3 տոկոս, այսինքն՝ կալանքի կիրառման դեպքերը նվազել են 4.6 տոկոսով։

 Ուշագրավ
---