Փաշինյան. Մտադիր ենք միկրոբիզնեսի տարեկան շեմը կրկնապատկել, հրաժարվել շրջհարկից

Փաշինյան. Մտադիր ենք միկրոբիզնեսի տարեկան շեմը կրկնապատկել, հրաժարվել շրջհարկից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է կրկնակի բարձրացնել միկրոբիզնեսի շրջանառության տարեկան շեմը, ինչպես նաև հրաժարվել շրջանառության հարկից, անցնել ավելացված արժեքի հարկի համակարգին։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ ՔՊ–ի նախընտրական ծրագրում նշված է` ՀՆԱ–ում ՓՄՁ մասնաբաժինը պետք է հասցնել 40 տոկոսի։

Լրագրողը հետաքրքրվել է նաև, թե արդյոք մինչև 2031 թվականը Հայաստանը կունենա նոր Հարկային օրենսգիրք և կհրաժարվի շրջանառության հարկից, հայտնում է Sputnik Արմենիան:

«Միկրոբիզնեսի տարեկան 24 մլն դրամի շեմը մտադիր ենք էականորեն բարձրացնել, քանի որ այս ընթացքում գնաճ է եղել, որն ազդել է շեմի վրա։ Մենք առնվազն կկրկնապատկենք շեմը` դարձնելով 50 մլն դրամ»,- ընդգծել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ շրջանառության հարկի գործող համակարգը չի նպաստում բիզնեսի խոշորացմանն ու զարգացմանը։

Նա նշել է, որ հատկապես գյուղատնտեսության ոլորտում ԱԱՀ-ի հետ կապված խնդիրներ են առաջանում, երբ հնարավոր չի լինում ապահովել, որպեսզի գյուղից մթերքն անմիջապես հասնի խանութ։

«Մարդիկ ստիպված են լինում շատ բարդ ու երկար գործողություն անել կամ հրաժարվել այդ գործողություններից ու ստվերում գործել, ինչը խնդիր է մեզ համար»,- ասել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է, որ շրջանառության հարկի փոխարեն Հայաստանը կաշխատի ԱԱՀ համակարգով, սակայն, օրինակ, գյուղատնտեսության դեպքում կգործի զրոյական ԱԱՀ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---