Անկարան հերքել է այն լուրը, թե մերժել է հայ-թուրքական սահմանը հատելու Մակրոնի խնդրանքը![]() 8 մայիսի 2026 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հերքել է տեղեկությունները, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թույլտվություն է խնդրել հատել Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը Երևան կատարած այցից հետո։Երկրի ԱԳՆ աղբյուրն այդ պնդումները «կեղծ» է անվանել՝ զգուշացնելով՝ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ երկրի ներքին քաղաքականության գործիք չդարձնել», գրում է Turkiye today-ը։ Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Anka լրատվական գործակալությանն ասել է, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Factor.am-ը: «Երբ սահմանը բացվի, Թուրքիան կորոշի՝ ով է անցնում, ով՝ ոչ։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել նման բանավեճերի վրա։ Մենք չենք ուզում, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը վերածվի որևէ երկրի ներքին քաղաքականության համար շահագործվող քննարկման»,- ասել է պաշտոնյան։ Նշվել է, թե այս հերքումը հաջորդել է Visegrád 24-ի պնդմանը, ըստ որի՝ «Մակրոնը ծրագրել էր Թուրքիա մուտք գործել Հայաստանից ցամաքային ճանապարհով՝ երկար ժամանակ փակ սահմանով, և որ Անկարան սկզբում կանաչ լույս է տվել, սակայն նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանը կտրականապես մերժել է խնդրանքը»։ Նշվել էր նաև, թե այս անցումը, եթե թույլատրվեր, «կլիներ աննախադեպ խորհրդանշական բացում, որը կհեշտացվեր երրորդ կողմից»։ Նշվում է, որ իրականում այս տեղեկությունները նախապես տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվել էր, թե Մակրոնը, որը գտնվել է Երևանում, իբր ծրագրել է քաղաքականապես խորհրդանշական ժեստ անել՝ այնտեղից Թուրքիա մեկնելով փակ ցամաքային սահմանով՝ Էրդողանի հետ հանդիպելու համար։ AZfront-ին մի քանի տեղեկացված աղբյուրներ, իբր, հայտնել էին, որ այցը նախապես համաձայնեցված է եղել որոշ թուրք պաշտոնյաների հետ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մակրոնը Երևանում հստակ կոչ է արել բացել բոլոր տարածաշրջանային սահմանները, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ «Սահմանները պետք է բացվեն, բոլոր սահմանները, և դրանք պետք է լիովին բացվեն։ Սա է, որ կբացի տնտեսական լիարժեք հնարավորություններ և կապահովի խաղաղության ուղիներ Հարավային Կովկասում, այլ ոչ թե կայսերական հակամարտություններ»,- ասել է Մակրոնը «Երևանյան երկխոսության» ֆորումում։ Նա նաև Հարավային Կովկասը ներկայացրել է որպես Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև հնարավոր կապի հանգույց, իսկ Հայաստանի «շրջադարձը դեպի Եվրոպա»՝ անվանել «քաջ և անհրաժեշտ»։ Նա ասել է, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը բացահայտել է ռուսական անվտանգության երաշխիքների անհուսալիությունը։ «Գիտեմ, որ երկար ժամանակ շատերը կարծում էին, որ Հայաստանի ճակատագիրը կարող է լինել միայն Ռուսաստանի, այսպես կոչված, պաշտպանիչ թևի ներքո։ Սակայն 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ այդ պաշտպանությունն այնքան էլ հուսալի չէ, որքան շատերը կարծում էին»,- ասել է նա։ Մակրոնի Երևան կատարած պետական այցի ընթացքում Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Համապատասխան հռչակագիր Հայաստանը ստորագրել է նաև Մեծ Բրիտանիայի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպման ժամանակ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |