Հրապարակվել է Երևանում կայանալիք COP17-ի նախնական օրակարգը![]() 8 մայիսի 2026 - 18:56 AMT PanARMENIAN.Net - 2026-ի հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17, դառնալով միջազգային բնապահպանական կարևորագույն հարթակներից մեկը։ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է COP17-ի նախնական օրակարգը, որը ներառել է ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական նշանակության մի շարք կարևոր թեմաներ։ Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանի մայրաքաղաքում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրների պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքացիական հասարակության անդամներ՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ համաշխարհային առաջընթացը և մինչև 2030 թվականը նախատեսված առաջնահերթ քայլերը։ Համաժողովի առանցքային թեման լինելու է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը։ Մասնակիցները կգնահատեն ծրագրի իրականացման համաշխարհային առաջընթացը, ինչպես նաև կքննարկեն մոնիթորինգի, հաշվետվողականության և իրականացմանն աջակցող մեխանիզմները։ Օրակարգում կարևոր տեղ են զբաղեցրել կարողությունների զարգացման, գիտատեխնիկական համագործակցության, գիտելիքների կառավարման, ինչպես նաև հաղորդակցության, կրթության և հանրային իրազեկմանն առնչվող հարցերը։ Քննարկումների առանցքում լինելու է նաև ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիան և միջազգային համագործակցության ընդլայնումը՝ այլ կոնվենցիաների ու կազմակերպությունների հետ քաղաքականությունների համադրման նպատակով։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 8(j) հոդվածի և հարակից դրույթների իրականացմանը, որոնք վերաբերում են բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների իրավունքներին ու մասնակցությանը։ Երևանյան հանդիպման օրակարգում ներառվել են նաև գենետիկական ռեսուրսների թվային տվյալների օգտագործման, սինթետիկ կենսաբանության, գենդերային հավասարության, ինչպես նաև կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության, առողջապահության ու ծովային էկոհամակարգերի միջև փոխկապակցվածության թեմաները։ Քննարկվելու են նաև անտառային կենսաբազմազանության, պահպանվող տարածքների և կենսաբազմազանության հարցերի՝ քաղաքականությունների ու ոլորտային կառավարման համակարգերում ինտեգրման ուղղությամբ հետագա քայլերը։ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |