Փաշինյանը՝ Պուտինին․ Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա

Փաշինյանը՝ Պուտինին․ Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա

PanARMENIAN.Net - ԵՄ–ում կամ ԵԱՏՄ–ում լինելու հարցով հանրաքվե անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտություն չկա, հայտարարել է վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։

«ՌԴ նախագահի հետ աշխատանքային մակարդակում այդ քննարկումն ունեցել ենք, և ես ասել եմ այն, ինչ ասել եմ նաև հրապարակային՝ մինչև այն պահը, երբ դե յուրե և դե ֆակտո ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց օրակարգում չենք դնի»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Վարչապետը նաև ընդգծել է, որ համաձայն չէ Պուտինի կողմից օգտագործված «ապահարզան» ձևակերպման հետ։

«ԱԺ-ում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, և մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչպես մյուս անդամները։ Եվ քանի դեռ ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք որոշումների կայացմանը։ Եվ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ նման հարց դնել։ Հանրաքվե կանենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Բայց իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի նպատակը չի եղել, չկա և չի լինելու Ռուսաստանի շահերին վնաս հասցնելը։

«Մենք շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով, շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, զարգացնել ՌԴ-ի հետ՝ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները օբյեկտիվ բնույթ ունեն և կապված չեն իր անձի հետ։

«Հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, պարզաբանման ենթակա նրբություններ կան։ Բայց իմ գնահատականն այն է, որ այդ հարցերի շուրջ պետք է աշխատել հանգիստ, հանդարտ, առանց նյարդի ու առանց լրացուցիչ սրելու»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի հետ ունեն աշխատանքային հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ վստահության վրա։

«Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում ու միջավայրում՝ փաստերի ու փաստարկների վրա հիմնվելով»,-նշել է Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերն «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։

«Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «ապահարզանի» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,- ասել է նա:

 Ուշագրավ
---