Վարչապետը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին

Վարչապետը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին։ Նա ասել է, որ ապրիլի 1-ին ՌԴ կատարած այցի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ քարոզարշավի բերումով չի կարողանալու մասնակցել նիստին,հայտնում է 1lurer.am-ը:

«Այն ժամանակ նույնիսկ չգիտեի՝ հրավեր լինելո՞ւ է, թե ոչ, բայց քաղաքավարությունից ելնելով և հարգանքի արտահայտման տրամաբանությամբ նախապես տեղեկացրել եմ, որ չեմ կարողանալու մասնակցել մայիսի 9-ի շքերթին և մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել»,- ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ նախորդ օրը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ և ևս մեկ անգամ տեղեկացրել իր չմասնակցելու մասին։

«Փոխվարչապետ Գրիգորյանը կմասնակցի միջոցառմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերն «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։

«Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «ապահարզանի» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,- ասել է նա:

 Ուշագրավ
---