11 մայիսի 2026 - 18:53 AMT
Վեդիում անչափահասների բռնության գործով 3-րդ անձն է կալանավորվել

Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների գործով 3–րդ անձն է կալանավորվել: Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Վ.Ե.-ն կալանավորվել է երկու ամսով»,– հայտնել է նախաքննական մարմինը,գրում է Sputnik Արմենիան:

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ անառակաբարո արարք կատարելը՝ տուժողին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված վիճակում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով դեպքին, ասելէ,որ դառնության զգացում ունի, հայտնում է Aysor.am-ը:

«Դառնության զգացում ունեմ և պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի դեպքում:

Երբ քաղաքական հարթակներում ասում եմ՝ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, դա պետք է նաև արտահայտվի պետակա ինստիտուտների, այդ թվում՝ իրավապահների աշխատանքում: Իրավապահներն առավել ևս նման դեպքերում պետք է վերաբերվեն այնպես, ինչպես՝ եթե իրենց ընտանիքի անդամի հետ նման բան տեղի ունենար: Եթե իրավապահ համակարգի գործունեությունից մի փոքր շեղում եմ նկատում, դա ինձ համար բացարձակապես անընդունելի է: Մնացած մասերով չեմ կարող մեկնաբանություն տալ»,-նշել է նա։

Փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել։ Անառակաբարո գործողություններ կատարելու մեջ կասկածվողներ Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58, մյուսը՝ 65 տարեկան է։ Երկուսն էլ կալանավորված են։

Գործի շրջանակում ձերբակալվել էր նաև աղջիկների հորեղբայրը, որը ներգրավված է եղել երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերել է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, իսկ մյուսը՝ եղբոր աղջիկների նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելուն, ըստ տեղեկությունների՝ դանակահարելուն։ Մայիսի 9-ին նա ազատ է արձակվել։