Դատախազությունը 2025-ին Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահներին հանձնելու միջնորդություն է ուղարկել Բելառուս![]() 13 մայիսի 2026 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն՝ 2025 թվականի հունվարի 10-ին։ Այդ մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Արմենպրեսը: 2025-ի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո: Մայիսի 12-ին ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ Բելառուսից բերման կենթարկի Ծառուկյանի որդուն, հայտնում է Sputnik Արմենիան: Փաշինյանի խոսքով՝ Ծառուկյանի որդին ոչ մի անգամ առաջնագծում չի կրակել, բայց կրակել է Կոտայքի մարզում և այժմ փախուստի մեջ է: «Չոքացնելու եմ, Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարե՞լ ա, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և դնենք պատասխանատվության, ոչ ոք չի փրկելու»,– հայտարարել է Փաշինյանը։ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Փաշինյանի այս հայտարարությունները: «Ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ կարգ կա, կանոն կա, որ երբեք երեխա, ընտանիք, ծնող ասելն ընդունված չի։ Ես էլ իմ «կլասը» չեմ գցելու»,– ասել է նա: Ինչ վերաբերում է որդուն, ապա ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ նա իր գործերը կավարտի և Հայաստան կգա հունիսի 7–ից հետո: Ինչ վերաբերում է Կոտայքում հնչած կրակոցներին, ապա Ծառուկյանն ասաց` ով կրակել է, նա էլ պետք է պատասխանատվություն կրի: Դիտարկմանը, թե նա խուսափում է քննադատել Բելառուսի առաջնորդին՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ Իլհամ Ալիևի շնորհավորանքի համար, ԲՀԿ առաջնորդը Լուկաշենկոյին անվանեց իր ընկերը և կոչ արեց չխառնել բարեկամությունը պետական հարաբերությունների հետ: Նվեր Ծառուկյանը միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո: 2024 թ. հոկտեմբերի 26–ին Ծաղկաձորի «Կոսմոս» խաղատան աշխատակիցների և Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |