Միքայել Խաչատրյանը` ՀՀ մաքսային կցորդ ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում![]() 14 մայիսի 2026 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը նշանակվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ։ Նորանշանակ կցորդն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի հունիսի 1-ից՝ 3 տարի ժամկետով։ Նա կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում՝ նպաստելով միջազգային գործընկերության զարգացմանն ու մասնագիտական համագործակցության խորացմանը, հայտնում է ՊԵԿ-ը: Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեությունն ունի առանձնահատուկ կարևորություն։ Այս նշանակմամբ նախատեսվում է նոր թափ հաղորդել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդի գործունեությանը՝ ապահովելով ՀՀ մաքսային ծառայության շահերի ներկայացումն ու պաշտպանությունը միջազգային հարթակներում։ Կցորդի գործունեության եռամյա ծրագիրը նպատակաուղղված է ԵՄ մաքսային համակարգերին Հայաստանի ինտեգրմանը և երկրի տնտեսական գրավչության բարձրացմանը։ Կենսագրական տեղեկությունների համաձայն՝ Միքայել Խաչատրյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Նրա կրթական ուղին առանձնացել է միջազգային հեղինակություն ունեցող հաստատություններում ուսանելու փորձով. նա մագիստրոսի աստիճաններ է ստացել Բելգիայի Եվրոպայի քոլեջում և Ֆրանսիայի Վինսեն-Սեն Դենի համալսարանում։ Մասնագիտական վերապատրաստում է անցել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի դպրոցում՝ հանրային քաղաքականության և վարչարարության ոլորտում։ Ունի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի հարուստ փորձ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում, եղել է Եվրոպական առողջապահական պառլամենտի անդամ (Բրյուսել)։ 2016-2022 թվականներին զբաղեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնը։ 2025 թվականի մարտի 10-ից ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը՝ հանդիսանալով Պետական եկամուտների կոմիտեում ԵՄ-ի հետ կապերի հարցերով հիմնական պատասխանատու անձը։ Մոտ 50 գիտական աշխատությունների հեղինակ է։ Գերազանց տիրապետում է անգլերենին, ռուսերենին և ֆրանսերենին։ Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդի պաշտոնը թափուր էր 2024 թվականի մարտի 16-ից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |