Մանկավարժականի պաշտոնյաներն ամբողջությամբ վերականգնել են 5.3 մլն դրամի վնասը![]() 18 մայիսի 2026 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, հափշտակել է ընդհանուր 5,336,916 ՀՀ դրամ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հաղորդագրության համաձայն՝ հիմնարկի տնօրենը, տեղեկացված լինելով, որ նշված մասնագետը աշխատանքի չի հաճախել և չի կատարել իր պարտականությունները, պաշտոնական փաստաթղթերում ներառել է կեղծ տեղեկություններ նրա աշխատանքի ներկայանալու վերաբերյալ՝ այդ կերպ օժանդակելով առանձնապես խոշոր չափերով՝ 5,336,916 ՀՀ դրամի հափշտակությանը։ Բացի այդ, համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով մասնագետի կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, որևէ քայլ չի ձեռնարկել նրա կարգավիճակը դադարեցնելու և աշխատավարձի վճարումը դադարեցնելու ուղղությամբ։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորին, «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետին և տնօրենին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում մեղադրյալները ամբողջությամբ վերականգնել են պատճառված վնասը։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |