Քոչարյանը Քասախում ասել է, որ չի ճանաչում Մարտի 1-ի զոհ Քլոյանին

Քոչարյանը Քասախում ասել է, որ չի ճանաչում Մարտի 1-ի զոհ Քլոյանին

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Քասախում բնակիչների հետ նախընտրական հանդիպման մեկնարկին միջադեպ է տեղի ունեցել, երբ ներկաներից մեկը նրան հարց է ուղղել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը:

Մինչև հանդիպման մեկնարկը բնակիչներից մեկը Քոչարյանին հարցրել է․ «Ինչո՞ւ կրակեցիք մեր վրա», ինչին ի պատասխան Քոչարյանը հարցրել է՝ «երբ»։ Այնուհետև բնակիչը հարցրել է, թե արդյոք նա ճանաչում է Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանին։

«Չէ, չեմ ճանաչում»,- պատասխանել է Քոչարյանը։

Բնակիչն արձագանքել է․ «Գիտե՞ք, որ նրա երեխան անտեր է մեծացել», ինչին Քոչարյանը պատասխանել է՝ «Չէ, չգիտեմ»։

Դրանից հետո բնակիչը նշել է․ «Ես զարմանում եմ՝ Դուք ո՞նց եք մարդկանց մեջ մտնում»։

Միջադեպից հետո Ռոբերտ Քոչարյանը, դիմելով ներկաներին, ասել է․ «Պետք չէ ուշադրություն դարձնել, սադրիչ է, խնդիրներ ունի»։

Այնուհետև նա ելույթ է ունեցել՝ անդրադառնալով իշխանությունների վարած քաղաքականությանն ու անվտանգության հարցերին։

«Մեր հիմնական թեզերից մեկը անվտանգության հարցերն են։ Անվտանգությունը պետք է լինի երաշխավորված»,- ասել է նա։

Քոչարյանը նաև կոչ է արել հունիսի 7-ին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

 Ուշագրավ
---