Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանը հացադուլ է հայտարարել

Փաշինյանի հետ վիճաբանած Օսիպյանը հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որը ձերբակալվել է, ապա կալանավորվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, հացադուլ է հայտարարել։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Օսիպյանը ձերբակալվելու պահից գտնվում է հացադուլի մեջ»,– ասել է նա:

Հովհաննիսյանի խոսքով` Արթուր Օսիպյանը առողջական խնդիրներ ի սկզբանե ունեցել է։

«Բժշկական փաստաթղթերը փոխանցվել են դատարանին»,– ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ այս պայմաններում հացադուլը է՛լ ավելի վնասելու է Օսիպյանի առողջությանը։ Փաստաբանի խոսքով` Օսիպյանն իրեն համարում է քաղբանտարկյալ, քանի որ իր կարծիքը ազատ արտահայտելու պատճառով է զրկվել ազատությունից։ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ պատրաստվում են երկամսյա կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։

Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արթուր Օսիպյանի կալանավորումը «Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ»:

«Էլ չասեմ Արթուրի ու արցախցիների դեմ ուղղված նրա վիրավորական ու ատելությամբ լեցուն խայտառակ արտահայտությունների մասին, որոնք հստակորեն ցուցադրում են նրա արժեհամակարգն ու գաղափարախոսությունը։

Արթուրը օրինական ու կառուցողական վարք է դրսևորել Փաշինյանի հետ, իսկ Արցախում բազմապատիկ անգամ ավելի ապակառուցողական էր իրեն պահում, բայց դա հանդուրժվել է իշխանությունների կողմից՝ հանուն ժողովրդավարական սկզբունքների ու հանրային համերաշխության պահպանման։

Ահա սա է «ժողովրդավար» Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, որն էլ ավելի վատն է դառնալու, եթե հանկարծ նա վերընտրվեց»,- նշել է նա։

Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

Մայիսի 18-ին քարոզարշավի ընթացքում Օսիպյանը մեղադրել էր Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նշել էր, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ, Փաշինյանը սկսել էր հակադարձել և հունից դուրս եկել։ Նա սկզբում ասել էր, որ արցախցիները Ղարաբաղը չեն կառուցել, բոլորը թալանել են, ապա ընդգծել էր՝ հպարտ է, որ Հայաստանն այդ թակարդից հանել է։ Այս խոսակցությունից հետո քաշքշուկ էր սկսվել, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձել էին տարածքից հեռացնել Օսիպյանին։ Փաշինյանը շարունակել էր բղավել բարձրախոսով. «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»։

Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։

 Ուշագրավ
---