Արտամետի ղեկավար․ Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու

Արտամետի ղեկավար․ Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու

PanARMENIAN.Net - Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցը չի փակվելու և շարունակելու է գործել, հայտարարել է Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ համայնքում ծանոթացել են ԿԳՄՍ նախարարության կողմից միավորման ենթակա դպրոցների հրապարակված ցանկին, որտեղ ընդգրկված է եղել նաև Արտամետի ավագ դպրոցը, հայտնում է Factor.am-ը:

«Դա տեսնելուց հետո դիմել ենք տարբեր կառույցների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմ։ Գրությունն Արմավիրի մարզպետարան է հասցեագրվել, մոտ մեկ ամիս առաջ հստակ պատասխան ենք ստացել, որ գյուղի դպրոցը չի փակվելու։ Գյուղը փոքր է, 35 աշակերտ ունի, որից 2-ը նախակրթարան են հաճախում։ Այն ուզում էին Վանանդ գյուղի դպրոցի հետ միավորել, այնտեղ նոր դպրոց է կառուցվում, արտամետցի երեխաները պետք է այնտեղ գնային։ Բնակիչների կողմից ուղարկված նամակին ի պատասխան մեզ մոտ մեկ ամիս առաջ վստահեցրել են, որ միավորում տեղի չի ունենալու»,-նշել է Ղազարյանը։

Արտամետի վարչական ղեկավարի խոսքով՝ դպրոցի անվանափոխության հարցը նույնիսկ քննարկման փուլ չի մտել։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը»։

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց նրան: Բաքվում անմիջապես ներում շնորհեցին նրան և հերոսացրին: Ի պատասխան՝ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք վերականգնվեցին միայն 10 տարի անց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---