Ամերիաբանկը և ԱԶԲ-ն $100 մլն-ի վարկային պայմանագիր են կնքել ՀՀ-ում ՄՓՄՁ ֆինանսավորումն ընդլայնելու նպատակով![]() 25 մայիսի 2026 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել են մինչև 100 միլիոն դոլարի վարկային պայմանագիր՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու և կանաչ ներդրումների ծավալն ավելացնելու նպատակով։ Ֆինանսավորումը կաջակցի ՄՓՄՁ-ներին ամբողջ երկրում՝ օգնելով կատարել աճին միտված ներդրումներ, բարելավել մրցունակությունը և որդեգրել ավելի կայուն գործելակերպ։ Տվյալ նախագիծը ԱԶԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում մինչև օրս կնքված ամենախոշոր գործարքն է։ «Այս նախագիծը կընդլայնի ֆինանսավորման հասանելիությունը ՄՓՄՁ-ների, հատկապես կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար` միաժամանակ խթանելով կանաչ ներդրումները Հայաստանում: Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ մենք օգնում ենք բիզնեսներին աճել, աշխատատեղեր ստեղծել և նպաստել ավելի ներառական և կլիմայական փոփոխություններին դիմակայուն տնտեսության ձևավորմանը»,-ասել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։ Նախագիծը ներառում է մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որի մինչև 75%-ը նախատեսված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման համար, իսկ առնվազն 25%-ը՝ կանաչ ֆինանսավորման, այդ թվում` վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության համար։ Ֆինանսավորման առնվազն 10%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը։ Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշել է. «Մենք ուրախ ենք ամրապնդել մեր գործընկերությունն ԱԶԲ-ի հետ՝ աջակցելով Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին մատչելի ֆինանսավորումն ավելի հասանելի դարձնելու միջոցով։ Որպես Հայաստանի ամենախոշոր վարկատու, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կանաչ և կայուն ֆինանսավորմանը, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ներառական աճի խթանմանը և երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմանն աջակցելուն»։ ՄՓՄՁ-ներն առանցքային դեր են խաղում Հայաստանի տնտեսության համար՝ ապահովելով զբաղվածության գրեթե 70%-ը և համախառն ներքին արդյունքի ավելի քան 65%-ը, սակայն ֆինանսավորման կարիքը շարունակում է բարձր մնալ։ ԱԶԲ-ն նաև կտրամադրի մինչև 125 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն Ամերիաբանկի կարողությունները հզորացնելու համար` ներառյալ ֆինանսական բարեվարքության համակարգերի և կայուն զարգացման կոմպետենցիաների կենտրոնի ստեղծումը: Նախագիծը աջակցում է Հայաստանի ջանքերին՝ խթանելու մասնավոր հատվածի զարգացումը, ընդլայնելու ֆինանսավորման հասանելիությունը և նպաստելու կլիմայական ազդեցություններին դիմակայուն աճին։ Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: ԱԶԲ-ն առաջատար բազմակողմ զարգացման բանկ է, որն աջակցում է ներառական, ճկուն և կայուն աճին Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Իր անդամների և գործընկերների հետ համատեղ բարդ մարտահրավերներ լուծելու համար ԱԶԲ-ն օգտագործում է նորարարական ֆինանսական գործիքներ և ռազմավարական գործընկերություններ՝ կյանքերը վերափոխելու, որակյալ ենթակառուցվածքներ կառուցելու և մեր մոլորակը պաշտպանելու համար: Հիմնադրված լինելով 1966 թվականին` ԱԶԲ-ն պատկանում է 69 անդամների, որոնցից 50-ը տարածաշրջանից են։ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |