Քոչարյանը` խաղաղության պայմանագրի մասին․ Մենք զրոյական կետից չենք սկսելու![]() 25 մայիսի 2026 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Չի կարող լինել խաղաղության պայմանագիր առանց երաշխիքային համակարգի, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Վայքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե իշխանության գալու դեպքում որ կետից են սկսելու բանակցությունները։ «Մենք զրոյական կետից չենք սկսելու։ Այսօր խաղաղության պայմանագիր չկա, կա նախաստորագրված փաստաթուղթ։ Մենք չենք ասել, որ գալու ենք, այդ նախաստորագրված փաստաթուղթը ճղենք ու գցենք զիբիլանոց։ Ուրեմն զրոյական կետից չենք սկսելու։ Մենք ասել ենք՝ սխալ է արել, որ գնացել ու ստորագրել է այս վիճակում, բայց, այնուամենայնիվ, քանի որ սա կա, մենք պետք է այն համալրենք առնվազն 1-2 հավելվածով՝ երաշխիքներ ձևավորելու մասին։ Սա նշանակում է, որ մենք ավելացնում ենք, ուժեղացնում ենք, բերում ենք երաշխիքային համակարգ, որ խաղաղությունը լինի հարատև, կայուն և երաշխավորված, սրա հետ միասին չենք սկսում զրոյական կետից»,- ասել է Քոչարյանը։ Ինչ վերաբերում է երաշխիքային համակարգին, ապա նրա կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդես գա հայտարարությամբ՝ հստակ ձևակերպելով այն հետևանքները, որոնք կարող են լինել պայմանագիրը խախտող կողմի համար։ Քոչարյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է նաև երաշխավորող պետությունների ներգրավում։ Նրա կարծիքով՝ նպատակահարմար կլինի, եթե որպես երաշխավոր հանդես գան և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը, քանի որ դա կօգնի հավասարակշռել շահերը։ Նա նաև նշել է, որ ցանկալի կլինի Եվրամիության մասնակցությունը, իսկ իդեալական տարբերակ է համարել ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան ձևաչափը։ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ նման համակարգի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ Ալիևը դրա կարիքը չի տեսնում, իսկ հայկական կողմը նույնիսկ չի բարձրացնում այդ հարցը։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |