ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ` ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴՈ ԷՐՆԵԿՅԱՆԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովը հավանություն է տվել կառավարության կողմից առաջարկված օրինագծերին` ուղղված արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելուն: Հիշեցնենք, որ նրան 30 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման կփոխանցվի Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Ներկայացնելով օրինագծերի փաթեթը` Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ տվյալ նախաձեռնությունը կբերի ներդրողին լրացուցիչ շահույթ եւ կապահովի ներդրված կապիտալի վերադարձը: Կառավարության կողմից ներկայացրած փաթեթը ներառում է չորս օրինագիծ: Այսպես, առաջարկվում է հավատարմագրին տրամադրել ցանկացած լիցենզավորված գործունեության իրականացում: Բացի այդ, ապահովում է այլ լրացուցիչ լիցենզիաների ստացում եւ լիցենզիաների հանձնման իրավունքը օդանավակայանի տարածքում գործող ուրիշ անհատների: Ենթադրվում է փոփոխություններ մտցնել եւ խաղատների ու շահումով խաղերի մասին օրենքում: Նախկին օրենքով խաղատներ կարելի է բացել միայն Երեւանի վարչական սահմաններից ուղիղ գծով 50 կմ եւ շրջկենտրոնների սահմաններից 10 կմ հեռավորության վրա: Նոր օրենքում առաջարկվում է փոքրացնել այդ սահմանափակումները. մինչեւ 10 կմ Երեւանից եւ 3 կմ շրջկենտրոններից: Նախարարը չի թաքցրել, որ այդ արվում է նրա համար, որպեսզի Էրնեկյանին թույլ տրվի խաղատներ բացել օդանավակայանի տարածքում: Բացի այդ, կառավարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել մաքսային օրենքում: Դրանք թույլ են տալիս օդանավակայանի տարածքում բացել մաքս չվճարող առեւտրի խանութներ եւ Հայաստանում առաջին անգամ ստեղծել ազատ առեւտրի գոտի: Հարությունյանն ընդգծել է, որ ազատ առեւտրի գոտին իրենից ներկայացնում է հատուկ ցանկապատված տարածք առանց մաքսային վերահսկման, մաքսատուրքի վճարման եւ հավելյալ արժեքի հարկի: Նախարարը նշել է, որ այդպիսի գոտիների համար բնորոշ գործունեություն է, օրինակ, համակարգիչների հավաքումը, գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, հագուստի արտադրությունը, դեղերի փաթեթավորումը եւ այլն: Բացի այդ կառավարությունը առաջարկել է եւս մեկ օրինագիծ, որն ազատում է շահույթի հարկի վճարումից ցանկացած գործարար անհատի, որի գործունեության 90 տոկոսը արտահանվում է: Հարությունյանը գտնում է, որ դա թույլ կտա ներդրումներ ներգրավել օդանավակայանի ազատ առեւտրի գոտի:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---