Կարապետյանը դատի է տվել Սիմոնյանին` պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար![]() 1 հունիսի 2026 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Նա պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար: «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ Կարապետյանը դատարանին խնդրել է Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն տարածել հետևյալ բովանդակությամբ հերքումը․ «Ես՝ Ալեն Ռոբերտի Սիմոնյանս, ֆեյսբուք (Facebook) և Տիկտոկ (TikTok) հարթակներում 2026 թվականի մայիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Հայտնում եմ, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով ես զրպարտել եմ Սամվել Կարապետյանին», հայտնում է Factor.am-ը: Կարապետյանը պահանջել է, որ հերքումը հրապարակվի Ալեն Սիմոնյանին պատկանող ֆեյսբուքյան և TikTok-ի էջերում՝ «Հերքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ իմ կողմից 19.05.2026թ. հրապարակված տեսանյութում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրով տեսանյութի միջոցով։ Բացի այդ, հայցադիմումում նշվել է, որ հերքման հրապարակումը պետք է պահպանվի նշված հարթակներում այնքան ժամանակ, որքան հասանելի են վիճարկվող տեղեկությունները պարունակող տեսանյութերը, սակայն ոչ պակաս, քան մեկ ամիս՝ հերքման հրապարակման օրվանից։ Սամվել Կարապետյանը պահանջել է նաև դատական ծախսերի հատուցում՝ ներառյալ պետական տուրքը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։ Գործը մակագրվել է դատավոր Վահագն Թորոսյանին։ Մայիսի 19-ին ռուսական The Insider պարբերականը գրել էր, թե «Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ԱԴԾ-ի տեղեկատվական կենտրոնը»։ Այդ հրապարակումից հետո թեմային անդրադարձել էր նաև Ալեն Սիմոնյանը, և նրա հայտարարությունները, փաստորեն, հիմք են դարձել Սամվել Կարապետյանի կողմից դատական հայց ներկայացնելու համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |