ՊԵԿ նախագծով նախատեսվում է մոտ 11 մլն դրամ հատկացնել «Մարգարա» մաքսակետի արդիականացմանը

ՊԵԿ նախագծով նախատեսվում է մոտ 11 մլն դրամ հատկացնել «Մարգարա» մաքսակետի արդիականացմանը

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն կառավարության քննարկմանն է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի պետական բյուջեում կատարել մոտ 196 մլն դրամի վերաբաշխում՝ տեխնիկական միջոցների ձեռքբերման և ենթակառուցվածքների թարմացման նպատակով։

Նախագծում ներառվել է նաև «Մարգարա» մաքսային անցակետի արդիականացումը, որի համար անհրաժեշտ է լինելու ավելի քան 10.7 մլն դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ աշխատանքները կապված են անցակետի հնարավոր վերագործարկման հեռանկարի և սպասվող ուղևորահոսքերի սպասարկման անհրաժեշտության հետ, հայտնում է Factor.am-ը:

Նախագծի համաձայն՝ ՊԵԿ-ը նաև նախատեսել է ձեռք բերել 130 պլանշետ հարկային և մաքսային ծառայողների օգտագործման համար։ Այդ գնումի արժեքը կազմելու է 58.5 մլն դրամ։ Բացի այդ, կոմիտեն նախատեսել է ներգրավել 3 ծրագրավորող՝ տեղեկատվական համակարգերի մշակման և սպասարկման գործընթացները սեփական ռեսուրսներով կազմակերպելու նպատակով, որի համար նախատեսվել է 48.4 մլն դրամ։

Փաստաթղթով նախատեսվում է նաև Երևանում հիմնել մաքսային մոնիթորինգի կենտրոն։ Դրա նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է լինելու մոտ 39.1 մլն դրամ։

ՊԵԿ-ը ծրագրել է ձեռք բերել նաև DJI Air 3S և DJI Mavic 3 մոդելի երկու անօդաչու թռչող սարք, ինչպես նաև մարմնին ամրացվող տեսախցիկներ, որոնք նախատեսված են օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետաքննությունների ընթացքում կիրառելու համար։

Բացի վերոնշյալից, ՊԵԿ-ը նախատեսում է ձեռք բերել նոր համակարգիչներ, տպիչներ, IP հեռախոսներ, արտաքին կոշտ սկավառակներ, ինչպես նաև ՀԾ հաշվապահական ծրագրի լիցենզիա։

Նախագծում նշվել է, որ առաջարկվող վերաբաշխումները կատարվելու են ՊԵԿ-ի ծրագրերում ձևավորված տնտեսումների հաշվին, իսկ պետական բյուջեի ընդհանուր եկամուտների և ծախսերի ծավալներում փոփոխություններ չեն նախատեսվել։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---