Զախարովա․ Արևմուտքին պետք են Հայաստանի հազվագյուտ հանածոները

Զախարովա․ Արևմուտքին պետք են Հայաստանի հազվագյուտ հանածոները

PanARMENIAN.Net - Արևմուտքին պետք են Հայաստանի հազվագյուտ հանածոները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

Նա հավելել է, որ Արևմուտքը և ԱՄՆ-ն Հայաստանի նկատմամբ առաջնորդվում են «վերցնելու և թալանելու» տրամաբանությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Զախարովան ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ առկա տարբեր տեսակետների վրա։

«Կարելի է շարունակել ապրել ինչ-որ պատրանքների մեջ, իսկ կարելի է նայել իրականության աչքերին և տեսնել, թե իրականում ինչ է տեղի ունենում: Վերցնելու, «թալանելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» տրամաբանությունը Արևմուտքում, ցավոք, դեռևս կենդանի է, և նրանք այն կիրառում են նաև Կովկասում», - ասել է Զախարովան։

Որպես օրինակ նա ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին այցը Հայաստան։

«Չէ՞ որ նա չի կնքել միջազգային պայմանագրեր, որոնք պարտադիր բնույթ ունեն երկու կողմերի համար․ ոչ, որովհետև այդ դեպքում դա կլիներ հավասար գործընկերություն։ Ստորագրվեցին որոշ հայտարարագրային փաստաթղթեր, սակայն ակնհայտորեն նկատվում է, ինչպես իրենք են ասում, միտում դեպի ռեսուրսատար և հազվագյուտ հանածոների ոլորտներ, որոնք Միացյալ Նահանգներին շատ են հետաքրքրում», - նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, փաստացի որևէ պատասխանատվություն չստանձնելով, միաժամանակ փորձում է ամրագրել իր հետաքրքրությունն այն ոլորտների նկատմամբ, որոնք կարևոր նշանակություն ունեն ապագա զարգացման համար՝ հաշվի առնելով թվայնացումը, բարձր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը։

«Այսինքն՝ կարծես թե որևէ պատասխանատվություն չեն ստանձնում, սակայն իրենց համար ամրագրել են այն, ինչը իսկապես անհրաժեշտ բաղադրիչ է ապագա զարգացման համար՝ հաշվի առնելով թվայնացումը, բարձր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը», - ընդգծել է Զախարովան՝ նման մոտեցումը բնութագրելով որպես «պայքար»։

Նա նաև հիշեցրել է, որ Ռուբիոյի այցի ընթացքում Երևանում ստորագրված փաստաթղթերի նմանօրինակ տարբերակներ ստորագրվել են նաև ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք։

«Երևանում Ռուբիոյի հետ այժմ ստորագրված փաստաթղթերի նմանատիպ փաստաթղթեր ստորագրվել էին նաև ամերիկյան նախորդ վարչակազմի ժամանակ։ Դրանցից ի՞նչն է իրականացվել, կուզենայի հարցնել», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան արձանագրել է, որ աշխարհում ռեսուրսներով հարուստ տարածաշրջանների համար պայքարը շարունակվում է տասնամյակներ և նույնիսկ դարեր։

«Կա պայքար, որը տևում է տասնամյակներ, դարեր՝ աշխարհի ռեսուրսներով հարուստ տարածաշրջանների համար, իրական պայքար», - նշել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկար տարիներ առաջարկել և շարունակում է առաջարկել այլ մոտեցում։

«Մենք առաջարկել ենք այլ մոտեցում և դա անում ենք երկարատև պատմական գործընթացի ընթացքում՝ չպայքարել ուրիշների ռեսուրսների համար, չյուրացնել դրանք, այլ հարաբերությունները զարգացնել փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության հիման վրա», - ընդգծել է Զախարովան։

Դիվանագետի կարծիքով՝ այդ մոտեցումը դարձել է յուրահատուկ այլընտրանք, որն ամրագրվել է 20-րդ դարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

«ՄԱԿ-ի միջազգային իրավական համակարգի ստեղծման, միջազգային իրավական բաղադրիչի ընդլայնման, ապագաղութացման գործընթացի, ճնշման տակ գտնվող երկրների ինքնիշխանության և անկախության ճանաչման, այն պետությունների հետ լիարժեք հարաբերությունների ձևավորման միջոցով, որոնց Արևմուտքը գրեթե երկրորդ կարգի էր համարում, ինչպես նաև այդ տարածաշրջաններում խաղաղության համար պայքարի միջոցով, որպեսզի հնարավոր լիներ զարգանալ», - պարզաբանել է նա։

Զախարովայի գնահատմամբ՝ պետություններն ունեն տարբեր հնարավորություններ և ներուժ, սակայն կարող են զարգանալ՝ առանց ուրիշների ռեսուրսների համար պայքարելու։

«Ռուսաստանը Հայաստանին առաջարկել և առաջարկում է փոխշահավետ, փոխարդյունավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցություն ու հարաբերությունների զարգացում բոլոր ոլորտներում՝ էներգետիկա, առևտուր, զբոսաշրջություն», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ խոսքը միայն հայտարարությունների մասին չէ։

«Սա պարզապես մտադրությունների մասին թղթի վրա մնացող հայտարարություն չէ, սա PR արշավ չէ՝ եկան, ստորագրեցին, ձեռք սեղմեցին, հետո հեռացան և մոռացան», - համոզմունք է հայտնել դիվանագետը։

Զախարովան նաև հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ստանձնված պարտավորությունները կատարվել են և շարունակում են կատարվել։

«Այն, ինչ ստորագրվում է մեր կողմից, կատարվել է և կատարվում է։ Եվ կատարվում է մեր երկրների ժողովուրդների շահերից ելնելով», - նշել է նա։

Նա կոչ է արել հայ-ռուսական հարաբերությունները չդիտարկել որպես ինքնաբերաբար զարգացող գործընթացներ։

«Սա որևէ պասիվ գործընթացների մասին չէ՝ «անձրև եկավ կամ որոտ հնչեց»։ Սա միջազգային հարթակներում և համաշխարհային գործերում ակտիվ աշխատանքի մասին է՝ պաշտպանելու այն սկզբունքները, որոնք մեր քաղաքակրթության հիմքն են։ Ոչ թե բարբարոսություն, ոչ նացիզմ և ֆաշիզմ, ոչ ստրկավաճառություն, ոչ գաղութատիրություն, ոչ էլ ճնշման և շահագործման վրա հիմնված վայրի իմպերիալիզմ, այլ հավասար իրավունքների, փոխշահավետ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնց հիմքում իրավունքը, օրինականությունը և միմյանց ավանդույթների ու շահերի հաշվառումն են», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---