Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն

Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն

PanARMENIAN.Net - ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը տնտեսական հարկադրանքի դրսևորում է, որը չի կարող ընդունելի համարվել, հայտնում է Factor.am-ը:

«Երկարաձգելով հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները՝ Մոսկվան տնտեսական հարաբերությունները վերածում է քաղաքական ճնշման զենքի։ Մենք շատ լավ գիտենք այս ձեռնարկը։ Ահա թե ինչու Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ նախատեսվող 50 միլիոն եվրոյի փաթեթին կհաջորդեն նաև լրացուցիչ քայլեր։

Եվրահանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ նախատեսվում են միջոցառումներ՝ հայկական որոշ ապրանքների, մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի, առևտրի գործընթացը հեշտացնելու համար։ Նրա խոսքով՝ գործնական աջակցություն է տրամադրվում նաև այն ոլորտներին, որոնք տուժել են սահմանափակումներից, այդ թվում՝ ծաղկաբուծությանը։

Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներից հետո արդեն կազմակերպվել է արտահանման նոր ուղղություն, և հունիսի 5-ին Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկների առաջին խմբաքանակը, որին հաջորդելու են նոր առաքումներ։

«Մենք կշարունակենք նաև կապել մեր բիզնեսները՝ հետևելով վերջերս Երևանում կայացած գագաթնաժողովում մեր ստանձնած պարտավորություններին։ 2024 թվականից ի վեր ԵՄ-ի աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն օգնել է 7000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղի ստեղծմանը։ Հայաստանն այն վայրն է, որտեղ տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները միավորվում են։ Եվրոպական բիզնեսների համար դա կարևոր վայր է։ Երկարաժամկետ հեռանկարում ես արտահայտեցի Եվրոպայի հանձնառությունը՝ իրականացնելու գագաթնաժողովում կնքված հավակնոտ Կապի գործընկերությունը»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերջին վերաբացումը, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող երկաթուղային կապի վերագործարկումը, կարևոր առաջընթաց է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման տեսանկյունից։

Ֆոն դեր Լայենի գնահատմամբ՝ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց, իսկ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի զարգացմանը՝ տարածաշրջանային կապերի ընդլայնման պայմաններում։

«Մենք կշարունակենք միասին առաջ մղել այս առաջնահերթությունները հունիսի 23-ին կայանալիք Կապի հարթակի նախարարական հանդիպման ժամանակ։ Այս բոլոր ճակատներում արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք համաձայնեցինք ստեղծել ԵՄ-ՀՀ համատեղ աշխատանքային խումբ։ Այն կվերահսկի այս բոլոր նախաձեռնությունների և ապագայում ցանկացած այլ միջոցառման իրականացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---