Պետդեպ․ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները։![]() 5 հունիսի 2026 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն «Ազատությանը» տված մեկնաբանության մեջ: Արձագանքելով հունիսի 7-ին նախատեսված ընտրությունների ընթացքում արտաքին միջամտության մասին հրապարակումներին և ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումներին՝ Պետդեպարտամենտը շեշտել է, որ Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները։ «Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ընդգծել է Երևանի և Վաշինգտոնի միջև խորացող համագործակցության, ինչպես նաև TRIPP նախագծի կարևորությունը, որի շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարարի, իսկ մի քանի օր առաջ՝ ԱՄՆ պետքարտուղարի կողմից։ «Ինչպես ցույց է տալիս պետքարտուղարի վերջին այցը Երևան, TRIPP-ը առանցքային և երկարաժամկետ նշանակություն ունի Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու գործում», - փոխանցել է Պետդեպարտամենտի խոսնակը։ Դրանից առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կոնգրեսականների հարցերին պատասխանելիս, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել էր Թրամփի վարչակազմի մտահոգությունները Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների առնչությամբ։ «Ռուսներն այդքան էլ գոհ չեն մեր ներգրավվածությունից: Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք (ռուսները) կցանկանային, որ ներկայիս վարչապետը պարտվեր ընտրություններում՝ ԱՄՆ-ի հետ աճող հարաբերությունների պատճառով»,-ասել էր նա: Նշելով, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի՝ Ռուբիոն միաժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնի նպատակը ոչ թե Հայաստանին այլ գործընկերներից հեռացնելն է, այլ աջակցելն անկախ արտաքին քաղաքականություն վարելու հարցում։ «Պարզ ասած՝ մենք այնտեղ չենք՝ Հայաստանի ինքնիշխանությունը խախտելու համար: Մենք նրանց չենք խնդրում, որ բարեկամ չլինեն այլ երկրների հետ: Մենք պարզապես ուզում ենք հարաբերություններ ունենալ նրանց հետ», - ասել էր նա։ Պետքարտուղարի այս հայտարարությունները հնչել են այն հրապարակումների ֆոնին, որոնց համաձայն՝ արևմտյան հետախուզական կառույցներն ու պաշտոնյաները արձանագրել են, որ Ռուսաստանը ակտիվացրել է իր ջանքերը՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։ Մայիսի վերջին հրապարակված Reuters-ի հետաքննության համաձայն՝ Մոսկվան մտավախություն է ունեցել, որ Փաշինյանի հաղթանակը կարող է ամրապնդել Հայաստանի՝ Արևմուտքի հետ մերձենալու քաղաքականությունը, ինչն իր հերթին ավելի կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում։ Հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների հինգ պաշտոնյաների և մի շարք փաստաթղթերի՝ Reuters-ը հաղորդել է, որ ռուսական արշավի շրջանակում փորձ է արվել ուժեղացնել Կրեմլին մոտ թեկնածուների դիրքերը, ինչպես նաև քննարկվել է Ռուսաստանում բնակվող հայերին Հայաստան տեղափոխելու ծրագիր՝ Փաշինյանի հակառակորդներին աջակցելու նպատակով։ Ըստ հրապարակման՝ Ռուսաստանի իշխանությունները հաշվարկել են, որ 100 հազար ընտրողի Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտ 50 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ Reuters-ը նշել է, որ չի կարողացել պարզել՝ արդյոք այդ ծրագիրն իրականացվել է, և բավարար կլինե՞ր արդյոք այն ընտրական առաջատարների միջև եղած զգալի տարբերությունը կրճատելու համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |