Օվերչուկ. Հայաստանին ԵՄ-ի կողմից տրամադրվող 50 մլն եվրոն ոչ մի հարց չի լուծի![]() 5 հունիսի 2026 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության նախատեսած 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությունը Հայաստանի համար տնտեսական աջակցության տեսանկյունից որևէ էական խնդիր չի լուծի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Դա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Դրանք այն ծավալները չեն։ Հայաստանի հետ մեր առևտրաշրջանառության ծավալները բոլորովին այլ են, և նույնիսկ մեկնաբանել էլ չէի ցանկանա», - ասել է նա, հայտնում է Interfax-ը: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստում է Հայաստանին տրամադրվող մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ՝ Ռուսաստանի կողմից գործադրվող «տնտեսական ճնշման» պայմաններում։ Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանում հայկական մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումները պայմանավորված են սովորական աշխատանքային գործընթացներով։ Նա հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության հեռանկարների շուրջ քննարկումների, և հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների միջև կապ չկա, իսկ դրանց համընկնումը պատահական է։ «Այն միջոցները, որոնք կիրառվում են, իրականացվում են սովորական աշխատանքի, իրավական ընթացակարգերի շրջանակում, պարզապես այժմ այդպես է համընկել», - ասել է Օվերչուկը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք բուսասանիտարական պատճառաբանությամբ սահմանված ներմուծման սահմանափակումները կարելի է համարել սթրես-թեստ Հայաստանի համար, փոխվարչապետը նշել է․ «Չեմ ցանկանա դա դիտարկել որպես սթրես-թեստ, բայց որոշ չափով դա նաև սթրես-թեստ է։ Սակայն իրականում իրականացվում է սովորական աշխատանք, ստուգվում է բուսասանիտարական բաղադրիչը։ Այժմ նոր բերքի շրջան է, և բնականաբար դրա նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ է»։ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է Հայաստանից ծաղիկների մատակարարումը, մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ, հունիսի 2-ից՝ կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև թարմ խաղողի ներմուծման նկատմամբ, իսկ հունիսի 3-ից՝ սերմավոր մրգերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։ Բացի այդ, «Ռոսսելխոզնադզորի» տեղեկացմամբ, հունիսի 2-ից Հայաստանին անհրաժեշտ է դադարեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկների և ձկնային արտադրանքի սերտիֆիկացումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |