Մելոյանը խոսել է «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանց մուտքն արգելելու մասին, ԲՀԿ-ն հայտնել է կալանավորումների մասին![]() 7 հունիսի 2026 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Մի շարք ընտրատեղամասերում արգելել են «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանց մուտքը, հայտարարել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանն ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով դաշինքի կողմից արձանագրված խախտումներն ու մտահոգությունները։ «Խախտումներն էական են ու բովանդակային, և դրանք մի բանի մասին են վկայում` որոշ քաղաքական ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի նկատմամբ, դա ավելի վտանգավոր է, քանի որ փորձում են քաղաքացու կամքի վրա միջամտություն թույլ տալ»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Միաժամանակ Մելոյանը նշել է, որ այս պահին ընտրողների մասնակցությունը բավականին բարձր է։ Նրա փոխանցմամբ՝ մոտ 20 րոպե առաջ արդեն արձանագրվել է 187,917 ընտրողի մասնակցություն։ Նա տեղեկացրել է, որ յուրաքանչյուր երկու ժամը մեկ ներկայացնելու են թարմացված տվյալներ։ «Ունեցանք նաև ահազանգեր, որոշ տեղեր տեխնիկական սարքերը չեն աշխատում պատշաճ կերպով, այսինքն որոշ տեղերում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Որոշ ընտրատեղամասերում մատնահետքի սարքի լույսերը չեն վառվել, իսկ դա լուրջ մտահոգության առիթ է տալիս, թե արդյոք այդ սարքի հետ կապված միջամտություն է եղել»,– նշել է նա ավելացնելով` եթե նման դեպքերի ծավալը մեծանա, ապա իրենք այդ սաքերը փորձաքննության են ուղարկելու։ Բացի այդ, քաղաքական ուժը արձանագրել է, որ որոշ դեպքերում ընտրողի կտրոնի համարը չի համապատասխանել ընտրացուցակում նրա անվան դիմաց նշված համարին, մինչդեռ դրանք պետք է համընկնեին։ Մելոյանի գնահատմամբ՝ նման անհամապատասխանությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Նա անդրադարձել է նաև ծրարների որակին՝ նշելով, որ որոշ դեպքերում դրանք մասամբ թափանցիկ են եղել, ինչը, նրա համոզմամբ, կարող է ազդել ընտրողի գաղտնիության իրավունքի ապահովման վրա։ Մելոյանը ներկայացրել է նաև տեսագրություն, որտեղ, ըստ նրա, երևում է, որ քաղաքացին ընտրատեղամասից դուրս է բերել իրենց քաղաքական ուժի քվեաթերթիկը՝ ցույց տալով, որ իրենց չի ընտրել։ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հետևել են այդ քաղաքացուն և արձանագրել, որ վերջինս քվեաթերթիկը նետել է աղբամանը։ Նրա խոսքով՝ որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են նաև դեպքեր, երբ դաշինքի քվեաթերթիկները վնասված կամ խոտանված են եղել, իսկ մեկ այլ ընտրատեղամասի տարածքում հայտնաբերվել են գետնին թափված թռուցիկներ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ ընտրությունների օրը կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվում, հայտնում է Panorama.am-ը: «Օրը սկսվել է իրավապահ համակարգի ներկայացուցիչների տարբեր օղակների հարձակումով, մասնավորապես ԲՀԿ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների բերման ենթարկումներով, կալանավորումներով» ,- նշել է նա: Տոնոյանը նշել է, որ վաղ առավոտից սկսվել է «տոտալ հարձակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների, վստահված անձանց, շտաբերի պատասխանատուների նկատմամբ», և, ըստ նրա, մարզերում կուսակցության ներկայացուցիչները «տարատեսակ շինծու մեղադրանքներով մասսայաբար բերման են ենթարկվում»։ ԲՀԿ ներկայացուցիչը շեշտել է, որ նման զարգացումները կանխատեսելի են եղել, քանի որ, նրա գնահատմամբ, «նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում նման գործելաոճը պահպանվել է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ»։ Նա հավելել է, որ «անգամ ընտրության օրը այս ծավալով հետապնդումները շարունակվում են ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, սա արդեն որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող փաստ է»։ Տոնոյանը նաև տեղեկացրել է, որ տարբեր ընտրատեղամասերից ստացվում են ահազանգեր՝ ուղղորդված քվեարկությունների, քվեաթերթիկների դուրսբերման փորձերի, ինչպես նաև ընտրատեղամասերի հարևանությամբ քարոզչական նյութերի տեղադրման վերաբերյալ՝ «ունենք բազմաթիվ ահազանգեր, որ ընտրատեղամասերի հարևանությամբ տարատեսակ քարոզչական պաստառներ են տեղադրված, որը, ինչպես հայտնի է, օրենքի խախտում է»։ Նա նշել է նաև, որ տեղեկություններ են ստացվում ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդների լուսանկարներով քարոզչական թերթիկների տեղադրման մասին և հավելել, որ իրենց «արագ արձագանքման մասնագետները գնում են այս ահազանգի հետքերով»։ Տոնոյանի խոսքով՝ ԲՀԿ-ն ամբողջ օրվա ընթացքում հետևելու է արձանագրված հնարավոր բոլոր խախտումներին և հանդես է գալու համապատասխան հայտարարություններով։ «Ես ուզում եմ դիմել ընտրական գործընթացին մասնակցող մեր հայրենակիցներին, մեր ժողովրդին, որ եթե իրենք արձանագրում են ընտրախախտումներ, ապա կարող են զանգահարել մեզ»,-նշել է նա: Ամփոփելով խոսքը՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամը նշել է, որ իր գնահատմամբ՝ «այս ամենն ունի մեկ նպատակ՝ պարալիզացնել և խաթարել ընտրական գործընթացը Հայաստանում, խոչընդոտել ազգաբնակչության ազատ արտահայտման իրավունքը և վստահված անձանց գործունեությունը»։ «Այս ամենի միակ հակաթույնը մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը պետք է լինի։ Ես ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել, խնդրել, հորդորել, որպեսզի այսօր՝ հունիսի 7-ին, անպայման գնան քվեարկության»,-նշել է նա: ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |