Հացադուլի մեջ գտնվող Օսիպյանը քվեարկել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Հացադուլի մեջ գտնվող Օսիպյանը քվեարկել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

PanARMENIAN.Net - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը, որն արդեն 21 օր գտնվում է հացադուլի մեջ։

Իր ինքնազգացողության վերաբերյալ հարցին նա պատասխանել է՝ հոյակապ։ Դրանից հետո ՔԿՀ աշխատակիցները չեն թույլատրել նրան պատասխանել այլ հարցերի, հայտնում է «Հետքը»:

Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026 թվականի մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Դեպքը տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ Օսիպյանը մոտեցել է վարչապետին և քննադատել նրան։

Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»:

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։

 Ուշագրավ
---